News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հայ հոգեւորականները՝ ահաբեկիչների թիրախում։ Սպանվել են Կամիշլիի հայ կաթոլիկների առաջնորդն ու նրա հայրը։ Առանց Արցախի ժողովրդի անհնար է համաձայնությունը։ Սերգեյ Լավրովի հայտարարությունները Երեւանում։ Երթ, ցույց, դասադուլ եւ նստացույց։ Կրթության նախարարի հրաժարականի պահանջն ուժի մեջ է։  Երիտասարդ հանրապետականները պահանջում են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը եւ սնամեջ ճամպրուկ փոխանցում։ Ճամպրուկը դատարկ է, ինչպես նրանց խոստումները, պնդում են ցուցարարները։ ԲԴԽ անդամի հրաժարումը հրաժարականից։ Հայկ Հովհաննիսյանն առավոտյան հրաժարական է տվել, երեկոյան՝ փոշմանել։

Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին: Արմենպրեսը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար»-ին, տեղեկացնում է, որ ահաբեկիչները կրակ են բացել հայ կաթոլիկների հովվապետի ու նրա հոր մեքենայի վրա՝ Դեր Զոր ուղեւորվելու ճանապարհին:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արցախի մասնակցության հարցը պետք է համաձայնեցնեն կողմերը, ասել է նա: Նրա խոսքով՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության՝ անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն, Հայաստանն ուղղակի չի ստորագրի:

Ռուսաստանը պատրաստ է նաեւ օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, ասել է Սերգեյ Լավրովը: Դաշնության արտգործնախարարը ցավով է խոսել Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի մասին, եւ նշել, որ Մոսկվան պատրաստ է օգնել կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է 2 կողմերի շահագրգռվածությունը:

Ռուսաստանի արտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել  հավերժական կրակի մոտ:

Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է կառավարությունում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ է եղել, նաեւ, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը այս տարի կհասնի 2 մլրդ դոլարի: Հետաքրքիր է, որ Լավրովը շփոթվել եւ Փաշինյանին է դիմել «պարոն նախագահ»-ով, ուրախությամբ նշել, որ երկկողմ առեւտուրը զարգանում է, Ռուսաստանն էլ Հայաստանի համար առաջատար գործընկեր է, համար մեկ ներդրողը:

ԵՊՀ հայ բանասիրականի ուսանողները շարունակում են մի քանի օր առաջ հայտարարած դասադուլը՝ այս անգամ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ուսանողները դեմ են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը հայեցողական դարձնելու օրինագծին: Նախաձեռնողները նշում են, որ իրենց շարքերն օրեցօր ավելանում են։

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր կամ կառավարության վրա վերցնել կրթության նախարարության գործառույթները, գերատեսչության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի  անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է: «Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա», ասել է Արծվիկ Մինասյանը:

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները երթ են անցկացրել Երեւանի փողոցներով: Նրանք սկզբում հավաքվել են ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դիմաց, ապա երթով շարժվել համալսարանի կենտրոնական մասնաշենք, ինչից հետո միացել են ՀՅԴ երիտասարդական թեւին, որն ակցիա է իրականացնում նախարարության շենքի դիմաց:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն անժամկետ գործադուլ է հայտարարել։ Ըստ Գալստյանի՝ «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» բուհական կրթական համակարգի համար կարեւոր առարկաներն են, քանի դեռ հանրակրթության ոլորտում այնպիսի մակարդակի չեն հասցվել, որ բուհերում կարիք չլինի դրանց դասավանդումը։

Երիտասարդ Հանրապետականները Արգործնախարարության շենքի դիմաց պահանջել են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։ Նրանք իրենց հետ դատարկ ճամպրուկ են բերել, դրա մեջ նամակ թողել։ Նամակի հեղինակները շեշտել են, որ նրա ղեկավարման ընթացքում օրհասական վիճակի են հասել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգային հարցերը։

Հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Facebook-յան գրառման մեջ Հովհաննիսյանը  շեշտել է, որ ԲԴԽ-ում իր առաջ քաշած գաղափարներն ու ծրագրերը չեն կարեւորում։ ԲԴԽ-ն չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին, գրել է Հայկ Հովհաննիսյանը։

Նորագավիթի ավտոմաքսատան մոտ՝ ի նշան այդ մաքսատունը Գյումրի տեղափոխման՝ ավտոներկրողները փակել են ճանապարհը: Նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում մաքսազերծման համար հասնել Գյումրի կամ Մեղրի, քանի որ դա ավելացնում է իրենց ծախսերը, լրացուցիչ ժամանակ է խլում, բացի այդ  Գյումրիի մաքսատանը բացակայում են  ամենատարրական պայմանները։

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աննշան աճել է եւ կազմել 477.22 դրամ։ Եվրոյի փոխարժեքն, ընդհակառակը, նվազել  շէ եւ կազմել 526.33 դրամ, նույնքան՝ 0.42 դրամով  նվազել է բրիտանական ֆունտի փոխարժեքը եւ կազմել 610.79 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ եւ կազմել 7.47 դրամ։

Հայաստանում եւ մայրաքաղաքում նոյեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ 16-ից 18 աստիճան զրոյից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 28.01.2020
Հունվարի 28-ը Բանակի օրն է. իշխող վերնախավը եւ ընդդիմադիր ուժերը տարբեր ժամերի են այցելել զինվորական պանթեոն...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 27.01.2020
Ծառայությունների առաջարկ ամենօրյա ռեժիմով. Նիկոլ Փաշինյանը՝ իր եւ Հրայր Թովմասյանի 2018-ի մայիսյան հարաբերությունների մասին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.01.2020
Քննիչների այց ՍԴ նախագահի բնակարան եւ խուզարկություն, որ շատ ուշ սկսվեց....
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 23.01.2020
Կրակոցներ «Էրեբունի պլազայում»...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 22.01.2020
Խլացուցիչ չի հայտնաբերվել. ինչո՞ւ հարեւանները չեն լսել Գեորգի Կուտոյանի կրակոցների ձայները...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 21.01.2020
Քաշքշուկ Ազգային ժողովում. խորհրդարանում կրքերը բորբոքվել են երեք տառով բառի հիշատակմամբ հայտարարությունից հետո