News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ցուցմունքների կորզում  հակագազով ու մահակով. Օմբուդսմենի ահազանգը:  Պայթուցիկի ահազանգ երեւանյան դպրոցում. վարժեցված շները ոչինչ չեն գտել:  Մոսկվայի մարզում ձերբակալվել է Ալրաղացի Լյովը: Նա հետախուզման մեջ էր անցած տարվա հոկտեմբերից: Նախկին փոխոստիկանապետի ջերմոցային տրամադրությունները: Լեւոն Երանոսյանն առաջարկում է նախ դատարանում դիտել տեսանյութը:  Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբը պահանջներ է ներկայացրել իշխանությանը: Ինչ պետք է հասկանա մտածող եւ վերլուծող մարդը եւ ինչ տարակուսելի հանձնարարություններ է ստացել վարչապետից. զրույց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Բրյուսելի հայ երիտասարդները վանկարկում են «Արայիկ, հեռացի՛ր», Կրթության նախարարը նրանց հիշեցնում է հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի մասին:

Այսօր՝ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի համար 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինժեներասակրավորական եւ կինոլոգների խմբեր: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել է 207 աշակերտ և 35 ուսուցիչ: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի կամ Ալրաղացի Լյովի մասին: Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է երեկ՝ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ հայ եւ ռուսաստանցի իրավապահների համատեղ լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում: Նախկին պատգամավորը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավավազակային հարձակում պատվիրելու մեջ եւ հետախուզման մեջ է անցած տարվա հոկտեմբերի 1-ից:

Դատարանը նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով ապացույցների հետազոտությունից հետո հետաձգել է նիստը։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում մեղադրանքը եւ պնդում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։ Դատական մյուս նիստում էկրան պետք է տեղադրվի՝ դեպքերն արտացոլող տեսաժապավենների դիտման համար։

Երանոսյանը խոստացել է ամեն ինչի մասին խոսել անցած տարվա ապրիլյան դեպքերի վերաբերյալ ժապավենները լրագրողների հետ դիտելուց հետո։

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի տուն, որը վերջերս հրաժարական էր տվել եւ խոսել կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Պետրոսյանի խոսքով՝ ինքն անկեղծորեն հավատացել եւ հավատում է, որ 2018-ի հեղափոխությունը նաեւ արժեքային հեղափոխություն էր, բայց իր համար սրբազան մասնագիտությանը դավաճանել չէր կարող։

Միլանում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր, լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ նմանատիպ սադրանքները լինում են հայկական գրեթե բոլոր պատվիրակությունների այցերի ժամանակ։

Երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման եւ զարգացման մասին, դրա համար եւ այդ ճանապարհին կա շատ կարեւոր մի բանաձեւ. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի եւ Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց եւ վճռական ենք ազգային–պետական նպատակների իրագործման հարցում. ասվում է «Վերնատուն» ակումբի այսօր տարածած հայտարարությունում։ Ըստ փաստաթղթի՝ ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել եւ ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, իր խոստումներին հակասող ճանապարհով։ Ակումբը համարում է, որ իշխանությունը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որեւէ հայտարարություն հնչեցնելը։ Մյուս պահանջներից են իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզի դադարեցումը, ազգային–պետական արժեհամակարգի վարկաբեկման փորձերի դատապարտումը, Սահմանադրական դատարանը գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սեւեռումից հրաժարվելը, «Մարտի 1»–ի գործը քաղաքական նպատակների չծառայեցնելը, երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութը, որտեղ երեւում է, որ ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում, եւ պահանջել նախաձեռնել քրեական վարույթ։ Թաթոյանը պատրաստվում է պաշտոնական գրություն ուղարկել քրեական հետապնդման մարմնին։

Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված իմ հրաժարականի տեքստում, եւ մեղադրել ինձ նրանում, որ ես «Կանգ առ»-ի կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է, 168.am-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։  Ո՞ր հարցում պետք է կանգ առնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը…  «Շատ ուրախ եմ, որ պարոն Մկրտչյանը վերջապես հասկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ի պաշտոնե չի կարող լինել որևէ քաղաքական թիմի անդամ», ասել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հայտարարությանը, թե Վանեցյանը երբեւէ իրենց թիմի անդամ չի եղել։ Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ Փաշինյանի հետ աշխատելու ընթացքում տարակուսելու առիթներ ունեցել է, որոնցից էլ բխել է իր հրաժարականը։ Նա նաեւ պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի բլից հարցերին՝ հանրությանը ամենաշատը հուզող հարցերի վերաբերյալ։

Բրյուսել ժամանած Կրթության նախարար Արայիկ Հարությունյանին ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։ Երիտասարդ դաշնակցականները պնդել են, որ նա ապազգային քաղաքականություն է վարում և պետք է հրաժարական տա։

Իսկ Երևանում նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները հայտարարել են, որ դադարեցնում են նստացույցը. այս պահի դրությամբ նստացույցով դրված խնդիրը համարում են լուծված։ Ցուցարարները կսպասեն, մինչև Արայիկ Հարությունյանը կվերադառնա գործուղումից, որից հետո նրան հրավիրում են հրապարակային բաց քննարկման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել եւ մակագրել. «2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան»:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով եւ կազմել է 476.95 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով եւ կազմել 527.60 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.00 դրամով եւ կազմել 614.03 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել՝ 7.49 դրամ 1 ռուբլու դիմաց։

Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, իսկ երկուշաբթի կսկսի բարձրանալ: Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +6+8:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 11.12.2019
Պոլսի հայոց Մայր տաճարի ղողանջներն ավետեցին 85-րդ պատրիարքի ընտրությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 10.12.2019
Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 09.12.2019
«Մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Չեչնիայի նախագահը ԱԱԾ նախկին տնօրենին համարում է ռուս ժողովրդի մեծ բարեկամը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 06.12.2019
Մեղադրանքը կեղծ է եւ ծիծաղելի։ Բարսեղ Բեգլարյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 05.12.2019
Մեղադրանք՝ Բարսեղ Բեգլարյանին. նույն քրեական գործով, որով մեղադրանք էր առաջադրվել Սերժ Սարգսյանին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով».04.12.2019
500 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք երրորդ նախագահին...