News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Կրթության նախարարի հետ հանդիպելու երիտասարդ դաշնակցականների մտադրության իրագործումն ավարտվել է ոստիկանների հետ բախումով։ Նրանց ուժով դուրս են բերել նախարարությունից, հեռացրել մուտքի մոտից, ապա փողոցից, վերջում էլ բերման ենթարկել։ Հերոստրատի սինդրո՞մ. Ալեն Սիմոյանի կարծիքով՝ Գրիբոյեդովի արձանին ներկ լցնելով, Շահեն Հարությունյանը ցանկացել է աչքի ընկնել։ ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի մասին նախագիծը ԲՀԿ առաջնորդն աբսուրդային է համարում։ Գագիկ Ծառուկյանը պատմել է նաեւ բազմամիլիոնանոց ներդրումների պատրաստ արաբ թագաժառանգի ներկայացուցիչների՝ Երեւանի քաղաքապետի հետ հանդիպումից հիասթափության մասին։ Յուրի Խաչատուրովը մեղադրողներին մեղադրել է ստախոսության համար։ Տեղաշարժի սահմանափակում չկար, սակայն գեներալին թույլ չեն տվել այցելել Վրաստանում գտնվող  ծնողների շիրիմներին։

Այսօր բուռն իրադարձություններ են ծավալվել նախարարությունների շենքի մոտ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նպատակով գերատեսչության շենքի մոտ հավաքված Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին ոստիկանները փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ, սակայն ցուցարարներն ասել են, որ իրենք կառաջնորդվեն  ամբողջ աշխարհում ընդունված մեթոդով, ինչից հետո սկսվել են բախումներ...

Այնուհետեւ երիտասարդ դաշնակցականները նստել են նախարարության դիմաց և հայտարարել, որ ընթերցանության «պերֆորմանս» են անցկացնելու, ապա ընթերցել Սահմանադրության հոդվածները։ Ոստիկանները պահանջել են ազատել նախարարության մուտքը, ցուցարարները տարակուսել են՝ ինչո՞ւ նրանք չէին միջամտում, երբ դատարանների մուտքներն էին փակվում։ Իրավապահների սահմանած 5 րոպե վերջնաժամկետից հետո ոստիկանները, որոնք մի քանի անգամ ավելի շատ էին ցուցարարներից,  ուժով փորձել են հեռացնել նրանց։  Նախարարության մուտքի մոտից հեռացված ցուցարարները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը, որտեղից արդեն ոստիկաններն ուժով բերման են ենթարկել նրանց։ 

Վազգեն Սարգսյան փողոցից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, եւս հինգ հոգի՝  Էրեբունու բաժին։ Նախապատրաստվում են նյութեր ոստիկանների պահանջը չկատարելու համար։

Նախորդ երեկոյան հայ հանրությունն ապրեց հերթական ցնցումը։ Ակտիվիստ Շահեն Հարությունյանը, որը հայտնի է որպես «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդի, պղծել ու կարմիր ներկ էր թափել ռուս գրող ու դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին, նաեւ քրեորեն հետապնդելի արարքը մեկնաբանելով որպես փոխվրեժ Նժդեհի հուշատախտակի ներկման համար։

«Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- հայտնել են ոստիկանությունից, ինչից ենթփադրվում է, որ իրավապահներն իրենք չեն փնտրել, գտել ու բերման ենթարկել վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն։ Հիշեցնենք՝ նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր եւ մի քանի օր առաջ է ազատվել աշխատանքից։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Շահեն Հարությունյանի արարքն ընդամենը  աչքի ընկնելու անհաջող փորձ էր։ Ալեն Սիմոնյանը, սակայն, ողջունում է «Իմ քայլից» իր գործընկեր Հայկ Սարգսյանի քայլը՝ զինծառայության օրենքում փոփոխությունների նախագիծը նախ ներկայացնել հանրությանը եւ դրանից հետո միայն քննարկել խմբակցությունում։ Խորհրդարանի փոխնախագահը չի բացառում, որ իրավիճակ ստեղծվի, երբ հարուստների որդիները չծառայեն բանակում։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է, վստահ է Ալեն Սիմոնյանը։ «Ակնհայտ է՝  առկա խնդիրները թույլ չեն տալու, որ շարունակվի այն իրավիճակը, որ կա մինչ օրս», ասել է նա։

ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող նախագիծը ԲՀԿ առաջնորդն անհեթեթություն է համարում. Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել  է, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ օրինագծին:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի որեւէ անհրաժեշտություն Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի տեսնում։ «Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը  կարող են «Կամազի» դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան անի՞», հարցրել է Սիմոնյանը։

Գագիկ Ծառուկյանն էլ լրագրողներին պատմել է, թե ինչպես են իր արտասահմանցի գործընկերները փորձել բազմամիլիոնանոց ներդրումներ անել Երեւանում, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափվել եւ փոշմանել են իրենց մտադրությունից։ Ավելի ուշ հրապարակվել է տեսանյութ, որտեղ շեյխը մանրամասներ է ներկայացնում Մարությանի հետ աղմկահարույց հանդիպումից։

Ծառուկյանը պատմել է նաեւ, թե ինչպես են սառեցված մնում բամբակի գործարան կառուցելու ծրագրերը, քանի որ սեփական հողի կատեգորիայի փոփոխության թույլտվություն չի ստանում։ «Ես ներդրումների համար քայլեր եմ անում, ոչ թե դատարկ-դատարկ խոսում եմ: Հիմա այդ ներդրումը ժամանակավորապես սառեցված է»,-ասել է Ծառուկյանը: Գուցե «Կամազ» չի նվիրել, դրա համա՞ր թույլտվություն չի ստացել՝ հարցին, Ծառուկյանն արձագանքել է:

Իր խնամի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ նախորդ շրջանի համեմատ ներդրումների ավելի բարենպաստ պայմանների շուրջ տարակարծության վերաբերյալ՝ Ծառուկյանը պնդել է՝ ինքը փաստերով է խոսում։ Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընդհատվել է՝ նոր սկսված։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է իր պաշտպանյալի՝ սահմանը հատելու սահմանափակման չեղարկման միջնորդությունը ներկայացնելու ընթացքում։

Ընդմիջումից հետո վերսկսված նիստում Յուրի Խաչատուրովը դատախազներին մեղադրել է սուտ խոսելու համար, թե իբր իր տեղաշարժի վերաբերյալ այս փուլում արգելք չկա: Այնուհետեւ երկրի երկրորդ նախագահի փաստաբանների եւ դատախազների միջեւ բանավեճ է ծավալվել։ Ըստ Արամ Վարդեւանյանի՝ բոլոր ամբաստանյալների իրավունքների խախտումը կրում է պարբերական բնույթ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանին խնդրել են մինչեւ արձակուրդ գնալը եւս մեկ նիստ հրավիրել՝ իրենց պաշտպանյալին անձնական երաշխավորությամբ ազատ արձակալու միջնորդության հնարավորության համար, սակայն դատավոր Դանիբեկյանը, վկայակոչելով այլ դատաքննություն ունենալու հանգամանքը, մերժել է։ Հաջորդ նիստը հունվարի 9-ին է։

Մենք դատավարությունը ձգձգելու նպատակ չունենք, ի պատասխան ընդդիմախոսների մեղադրանքների, լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Լեւոն Քոչարյանն  անդրադարձել է նաեւ տեսակետին, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չէր, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով վկա էր:

Իսկ դատարանի առջեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ավանդական ցույցն էր, որի մասնակիցները դարձյալ պահանջել են արդար դատաքննություն, զուգահեռ նաեւ ստորագրահավաքն է շարունակվել նույն պահանջով։

Հանրապետության նախագահի հրամանագրով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի երեք նոր տեղակալներ են նշանակվել։ Տիրան Խաչատրյանը նշանակվել է Բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ- օպերատիվ գլխավոր վարչության պետ, Անդրանիկ Մակարյանը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, Առաքել Մարտիկյանն էլ՝ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով ու կազմել է 478.02 դրամ: Եվրոն աճել է 3.27 դրամով ու հասել 529.84 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 3.69 դրամով ու կազմել է 620.85 դրամ, ռուսական ռուբլին աննշան է փոխվել, փոխարժեքը՝  7.46 դրամ  է։

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին երեկոյան եւ դեկտեմբերի 5-ին ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում եւս վաղը երեկոյան տեղումներ են սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ