News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը 21 կողմ, 60 դեմ ձայների հարաբերակցությամբ  չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր չեղյալ հայտարարել Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշման հավելվածով սահմանված հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումերն ու արգելքները։

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական  օրենքի՝ այս նախագիծն առանց քննարկվելու քվեարկության դրվեց։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Նախագծի օգտին կողմ քվեարկեցին  «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Իշխող ուժի դիրքորոշումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար անսպասելի չէր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մենք ընդամենը  բարձրաձայնել ենք այն անհրաժեշտությունը, որն այլեւս հանրային պահանջ է եւ անհրաժեշտություն է։ Մասնավորապես՝ ապահովել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, որը Սահմանդրությամբ ամրագրված դրույթներից է, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Իշխանությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ բացարձակ անհաղորդ են հանրային ազդակներին, պահանջներին։ Մենք նաեւ շահագրգիռ կազմակերպությունների, անհատների  հետ քննարկումներ ենք ունեցել մինչեւ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ խոսում է իշխանությունների վախերի ու անհանգստությունների մասին»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իրենք մատնանշել էին, որ լիազոր մարմինը կարող է սահմանել այն չափորոշիչները, անվտանգության  նորմերը, որոնք անհրաժեշտ է ապահովվել, որպեսզի հնարավորություն լինի հավաքներ եւ հանրային միջոցառումներ  կազմակերպել։

«Այսինքն՝ որեւէ դեպքում մենք կասկածի տակ չենք դրել մեր ազգաբնակչության առողջության պահպանման իրավունքը եւ որեւէ դեպքում սա մեզ համար չէր կարող լինել երկրորդական։ Սակայն, ինչպես տեսաք առանց որեւէ քննարկման, պարզապես «Իմ քայլը» խմբակցությունը ասաց, որ դեմ է քվեարկելու։ Բացի նրանից, որ այս սահմանափակումը  օրենսդրական հակասություն ունի Սահմանադրության մի շարք հոդվածների հետ, մենք  նաեւ միջազգային ն փորձն ենք մատնանշել, որ նախադեպեր կան եւ հնարվոր է այս ռեժիմի չեղարկման պայմաններում ապահովել մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքի ապահովումը, եւ որեւէ դեպքում չսահմանափակել նրանց իրավունքները, բնականաբար, անվտանգության նորմերը պահպանելով։ Սակայն, ունեցանք այն՝ ինչ ունեցանք»,- նկատեց նա։

Նշենք, որ այս որոշման նախագիծը մշակվել է ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունների աշխատանքային խմբում։

Հիշեցնենք նաեւ, որ Իվետա Տոնոյանը կորոնավիրուսով էր վարակվել։ Պատգամավորն այսօր արդեն աշխատանքի էր ներկայացել։

«Ինքնազգացողությունս լավ է, ամեն ինչ կարգին է»,-հավելեց  Իվետա Տոնոյանը։

 

Տպել
Ամենաշատ