News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր, Երեւանի ժամանակով 3:29-ին Հայաստանի  Սեյսմիկ ծառայությունը գրանցել է   Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը 3-4 բլ ուժգնությամբ զգացվել է Արմավիրի, Արարատի մարզերում եւ Երեւանում։

Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվել է 5-րդ անգամ եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 11-ը։  Մեղմացումները ներկայացնող արդարադատության նախարարն ասել է, որ վերացվում է Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը, նրանք պետք է 14 օրով  ինքնամեկուսանան, բայց կարող են մինչեւ այդ թեստ հանձնել եւ բացասական ելքի դեպքում մեկուսացումից դուրս գալ։

Հույս հայտնելով, որ վերջին անգամ է երկարացվում արտակարգ դրության ժամկետը վարչապետն ասել է, որ դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովելու դեպքում, կարող ենք կորոնավիրուսի խնդիրը գործնականում լուծված համարել։ 

Նրա խոսքով՝ ապրիլ-մայիսին կորոնավիրուսի թվերը բարձրացել էին, քանի որ   իրավապահները բավարար կոշտություն չեն ցուցաբերել։

Մեր համաքաղաքացիները նկարահանել ու սոցհարթակներում տարածել են երկու երիտասարդ կանանց քաշքշելով, հրելով, գրկելով եւ ուժի գորադրմամբ ոստիկանական մեքենա նստեցնելու հերթական դրվագը։ 

Նույն արտահերթ նիստում առողջապահության նախարարը խոսել է կորոնավիրուսի թվերի դրական միտումների մասին, նաեւ ավելացրել, թե նպատակն այդ թվերը  զրոյից մոտեցնելը չէ։ Արսեն Թորոսյանն ասել է, թե իջել է ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը՝ այն տատանվում է 300-ի շրջանակում։

Կառավարության որոշումն արտակարգ դրության վերաբերյալ հաստատելու համար Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել։ Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել խորհրդարանում կառավարության ներկայացուցիչ նշանակված փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն մարությանը խոստացել է «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։ 

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 201 նոր դեպք, մահացել է 3 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 40593 է, մահերինը՝ 1037։

Ռուսաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում: Ըստ Միխայիլ Մուրաշկոյի՝ այն առաջին հերթին կօգտագործվի ներքին շուկայում, հետո պատվաստանյութի արտադրություն կառաջարկի նաեւ արտասահմանյան հարթակներում:

Նոր նշանակումներ՝  Ազգային անվտանգության ծառայությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մեկ օր առաջ՝ օգոստոսի 10-ին: Հիշեցնենք, որ  նշանակում-ազատում-նշանակում քայլերի շղթայով էր Արգիշտի Քյարամյանը ստանձնել ծառայության տնօրենի պաշտոնը, քանի որ, ոչ կոչումով, ոչ էլ աստիճանական առաջընթացով չուներ այդ պաշտոնին բավարարող տվյալներ։  

Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արմեն Աբազյանն արդեն  նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հիշեցնենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էր նշանակվել նաեւ Միքայել Համբարձումյանը, որն այդ կառույցում վարչության պետ էր:

Ռուսաստան մեկնելը թույլ տալու հուսահատ խնդրանքով շարունակում են բողոքի ցույցերը Դաշնությունում ընտանիք ու աշխատանք թողած քաղաքացիները։ Կառավարության շենքի մոտ նրանք այսօր շրջապատել են արտգործնախարարին, խնդրելով պայմանավորվել ռուսական կողմի հետ, իրենց մեկնելը թույլ տալու համար։ «Ո՞ւմ հետ համաձայնության գանք: Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը», ասել է Մնացականյանը։ 

Ցուցարարները մի քանի ժամ չեն հեռացել կառավարության մոտից, պնդելով, որ զրկված են ապրուստի միջոցից, նույնիսկ քնելու տեղ արդեն չունեն։ Նրանցից մի խումբ շաբաթից ավելի օրն անցկացրել, քնել-արթնացել է Բագրատաշենի անցակետում, բայց այդպես էլ սահմանն անցնել չի կարողացել։ Նրանցից մեկը,   դիմելով վարչապետին, նշել է՝ միայն դիմակ դնելու համար կռիվ անելով չէ. նախարարներիդ աշխատավարձերը կրճատիր, ճգնաժամ է, չէ՞, մնացածով էլ ժողովրդին օգնիր։

Ցուցարարների հետ հանդիպման է եկել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ ասել, թե սահմանների բացման հարցին չի տիրապետում եւ պարետատունն ավելի մանրամասն կտեղեկացնի, ավելի ուշ: Բողոքողներն էլ  հորդորել են, որ իրենց մոտ իջնի այն պաշտոնյան, որը տիրապետում է իրավիճակին: Ի վերջո ցուցարարներից մի քանիսին ընդունել են կառավարությունում եւ ասել, որ պետք է սպասել Ռուսաստանի քայլին։

«Սասնա ծռերի» գործով դատական նիստում դատախազները հրապարակել են իրենց մեղադրական ճառը։ Նրանք դատարանին միջնորդել են «Սասնա ծռերի» անդամներին ազատազրկել՝ 8,5 տարուց մինչեւ ցմահ։ Մեղադրողները միջնորդել են «Սասնա ծռերի»՝ հանրությանն առավել հայտնի անդամներից Վարուժան Ավետիսյանին որպես պատիժ ազատազրկել 8 տարի 9 ամիս ժամկետով,  Պավել Մանուկյանին՝  9 տարով, Արմեն Բիլյանին՝ 21 տարով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկել։  Ընդդեմ Լանզարոտեի ու Ստամբուլի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման, կրթական չափորոշիչների եւ իր խոսքով՝ բազմաթիվ այլ անարդարությունների, Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ է հայտարարել անվանի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր ու բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Իսրայել Հակոբկոխյանը։ «Հացադուլիս նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն»,- ասել է նա եւ շեշտել․ երկրուն տիրում է ատելության մթնոլորտ, կառավարությունը չի օգնում իր ժողովրդին:

Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի բնակարաններից մեկի պատշգամբն Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներն ապամոնտաժել են։  Բնակարանի տերը NEWS.am-ին  ասել է, որ ապամոնտաժումն ապօրինի է, թաղապետարանից էլ պարզաբանել են, որ Կիեւյանի մայթերը 2004 թվականից  համարվում են պատմամշակութային անշարժ գույք, լրացուցիչ շինարարության համար էլ կա ընթացակարգ։ Թաղապետարանի աշխատակիցները փորձել են կանխել կցակառույցի տեղադրումը, սակայն իրենց առջեւ դուռը չեն բացել, ապամոնտաժումից առաջ էլ տանտիրուհին թաղապետարանի աշխատակից Գեղամ Կարապետյանի խոսքով, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին, նույնիսկ երեխաներին է մտցրել պատշգամբ, որպեսզի չկարողանան այն պոկել, սպառնացել եռացրած ջուր լցնել նրանց վրա։  Ոստիկաններն են կնոջը՝ երեխաների հետ ներս մտցրել, դուռը փակել, որպեսզի պատշգամբն ապամոնտաժվի։

Սիրիահայ գործարար Արա Տագեսյանը սպառելով իշխանության բոլոր մարմիններից պաշտպանություն ստանալու հույսերը, որպես ճարահատ քայլ, ասուլիս է հրավիրել ու պատմել, որ 2018-ից  Հայաստանում բիզնես է փորձում սկսել, 200 հա տարածք է գնել Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, որի բնակիչները թույլ չեն տալիս այգեգործությամբ զբաղվել։ Ֆերիկցիներին անկարգությունների հրահրում է «Իմ քայլը» խմբակցությունից  Ռուստամ Բաքոյանը, որի դեմ իրավապահ համակարգի որեւէ կառույց քայլեր չի ձեռնարկում, քանի որ «Իմ քայլից» է, ասել է Տագեսյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն են ուղարկել պայթյունից տուժած Բեյրութ: Իսկ Լիբանանւմ դրությունը մոտ է քաոսայինին։ Կառավարության հրաժարականից հետո էլ Բեյրութում անհնազանդության ակցիաներն ու բախումները ոստիկանների հետ շարունակվում են։

Մինսկում եւս բողոքի ակցիաները շարունակվում են: Ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցույցին  մասնակցել է մոտ 500 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ: Մի խաչմերուկում նրանք փորձել են բարիկադներ կառուցել: Ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել, կան բերման ենթարկվածներ, որոնք, իշխանության պնդմամբ, վճարել են մարդկանց ցույցերին մասնակցելու համար:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով ու  կազմել  485.00 դրամ: Եվրոյի փոխարժեքը  նվազել է  1.54 դրամով ու կազմել  570.60 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է  2.89 ու կազմել 632.83 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.64 դրամ:

Հայաստանի առանձին հատվածներում, նաեւ մայրաքաղաքում օգոստոսի 13-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +19 +21, վաղը ցերեկը` +31 +33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ