News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պատերազմի 20-րդ օրը վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ մի քանի ալիքով հարձակվելով հակառակորդը փորձել է գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ է շպրտվել՝ կրելով խոշոր կորուստներ: «Հյուսիսային ուղղությամբ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի»,- նշել է նա: Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները կասեցնում թշնամու հարձակումն ու ոչնչացնում նրանց։

Ադրբեջանը շարունակել է նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծումը, խախտելով միջազգային բոլոր կոնվենցիաները։ Գիշերը եւ լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի, Կարմիր Շուկա եւ Բերդաշեն համայնքների ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ևս 29 զինծառայողի անուն: Մեր զոհված զինծառայողների ու կամավորների թիվը հասել է 633-ի։

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին զոհվել է, ինքը՝ Ռուստամ Գասպարյանը, ծանր վիրավորվել։ Նա գիշերը վիրահատվել է։ Ըստ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի՝ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է։ Գասպարյանը որդու հետ կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի երկրորդ օրը։

Անցած մեկ օրում Պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի 1 աթս, 6 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, ոչնչացրել 120 զինվորական ու ահաբեկիչ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը կորցրել է 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդը տվել է 6 հազար սպանված։

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի տարածած կեղծիքը, թե հայերը հրթիռակոծել են Նախիջեւանի Օրդուբադի շրջանը։ Դա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որի նպատակն է հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելը, նշել է Ստեփանյանը։

Պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատել է, որ Հայաստանի Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները: «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, Մինսկի խմբի եռախագահներին, իրենց կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի և դրա վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», շեշտել են գերատեսչությունում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Այլ մանրամասներ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հայտնել։

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների պատրաստման ճամբարը, որտեղից Թուրքիան գրոհայիններ է ուղարկում Արցախյան ճակատ։  Առավոտյան ՍՈւ-34-ը եւ ՍՈւ-24Մ-ը գրոհել են ճամբարի օբյեկտները, այդ թվում՝ շտաբը, ապաստարանները, քողարկված տեխնիկան: Այժմ որոնվում են մյուս ճամբարները։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում վերջին օրերին երկրորդ անգամ են ընդունել  Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղիին, տեղեկացրել, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները եւ գործողությունների իրականացումը Իրանի սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Արցախի Պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, հայկական բանակն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, ինչի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Եվրոպայի հայերը մի անօրինակ ակցիա են իրկանացրել՝ կաթվածահար անելով աշխարհամասի արեւմտյան հատվածի երկրների հաղորդակցությունը։  Հայկական դրոշներով, Արցախը ճանաչելու պահանջով եւ Էրդողանին ու Ալիեւին պախարակող պաստառներով նրանք արգելափակել են Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, բելգիան, Նիդերլանդները, Դանիան միմյանց կապող մայրուղիները։ Հայերը նաեւ պահանջել են լայնորեն լուսաբանել Արցախի դեմ հակամարդկային ագրեսիան։

Արգելափակված բամաթիվ ճանապարհներից մեկն էլ  Ֆրանսիա-Գերմանիա սահմանին Ստրասբուրգի կամուրջն էր։ Այստեղ եւս հայերը վանկարկել են Արցախը ճանաչելու կոչեր, դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց ռազմարշավը։

Եվրոպայի հայրերը շրջափակել են նաեւ ոչ գլխավոր մայրուղիներ։ «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» կարգախոսներով Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայ համայնքը փակել է քաղաքի մուտքն ու ելքը՝  կաթվածահար անելով երթեւեկությունը։ Հայերը Գերմանիայից  պահանջում են դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի եւ ճանաչել Արցախի անկախությունը։

Արցախի անկախության ճանաչման, Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման, ինչպես նաեւ վերջնական հրադադար հաստատելու պահանջով երեւանցիները երթեր են անցկացրել դեսպանատների մոտ։

Միլան քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը: Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը, նաեւ հանձնարարել Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ «խնդրել Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլեւ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»:

Նախօրեին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմարշավը դատապարտող բանաձև։ Խորհրդարանը կոչ է արլ կառավարությանը հստակ դատապարտել ռազմական քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցությունը, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից։ «Ունենք թուրքեր, որոնք ներխուժել եւ ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, կրակի ուժը, որը կիրառվում է այս պատմական հակամարտությունում Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրի համար,  մոտ 150 000 բնակչությամբ փոքր տարածք, բայց... բավական վիճելի», ասել է Պոմպեոն:

Վաշինգտոնում հայ համայնքը շարունակում է ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ակցիաները՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է հրապարակումները հայերի դեմ կռվելու համար Ադրբեջանի ու Թուրքիայի վարձած ահաբեկիչների մասին։ Ըստ զինյալների՝ Ադրբեջանի զորքը իրենց օգտագործում է որպես կենդանի վահան։ «Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին»,- Սնելը մեջբերել է Ադրբեջանից փախած վարձկանի խոսքը՝ կից ներկայացնելով նրա հետ զրույցի ձայնագրությունը։ Վարձկանի խոսքով՝ գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի հենց առաջին օրը։ «Ամեն օր 5-10 հոգի, նույնիսկ ավելի շատ։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են»,- լրագրողին ասել է վարձկանը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը: Մնացականյանն ասել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը եւ շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Գուտերեշը նույնպես մտահոգություն է հայտնել եւ ընդգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարեւորությունը:

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքմանն առնչվող բանակցությունները «ճիշտ եզրագծին» են։ «Լավ բարեկամների համար անհասանելի արդյունքներ չկան։ Մեր ընդհանուր տնտեսական ներուժն ահռելի է»,- ասել է նա։ Զելենսկին նշել է նաեւ, որ 3 տարի հետո Թուրքիան բարեկամների հետ տոնելու է Հանրապետության 100-ամյակը։ «Մենք կցանկանայինք այդ տոնը նշել՝ տնտեսական հարաբերությունների ավելի մեծ պաշարով», ասել է Ուկրիանայի նախագահը։ Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները նշում են, որ Կրեմլը խիստ բացասաբար է ընդունել ոչ միայն Ուկրաինայի ու Թուրքիայի մտերմությունը, այլեւ Զելենսկու խոսքերը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հերթական հակառեկորդն է գրանցվել։ Անցակ մեկ օրում վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460-ի: Մահացել է 13 վարակված, որոնցից 3-ն այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1370 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.47 դրամով ու հասել 492.15 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով ու կազմել 576.26 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.87 դրամով ու հասել 636.79  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.29 դրամ:

Հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս օթերեւութաբանները տեղումներ չեն կանխատեսում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 24-26 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ