News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Այս մասին երեկոյան ժամը 19–ին մոտ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը համոզված է, որ հայկական զորքերը հարմարվել են նոր սերնդի պատերազմին, և այժմ ժամանակը նրա, գործում է ոչ թե հակառակորդի, այլ մեր զորքերի օգտին:

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: Վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված եւս 62 զինծառայողների անունները։ Հայկական կողմից զոհվածների թիվը անցել է 800–ից։

Արցախի և Հայաստանի մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել  խորհրդակցություն, որին մասնակցել են հայկական հանրապետությունների նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Տեղեկությունը հրապարակել է  ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Նրա խոսքով, բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առնվազն այս իրավիճակում պետք է համարենք ավարտված։

Նա նշել է նաեւ, որ խնդրի խաղաղ կարգավորման համար Ռուսաստանը մինչեւ հիմա արել է առավելագույնը եւ սրանից հետո էլ, նրա կարծիքով, կանի առավելագույնը որպես Հայաստանի դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ։ Փաշինյանի խոսքով՝ հիմա պետք է զենք վերցնել եւ պաշտպանել հայերի իրավունքը։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ 6 քայլերը:

«Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել»:

Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնակիցների հետ։ Քննարկվել են հրատապ հարցեր՝ հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման մասին։ Նշենք, որ երկու հոկտեմբերի 23–ին նախատեսվում է երկու արտգործնախարարների այցը Վաշինգտոն։ Այստեղ ևս, նախնական տվյալներով, նախատեսվում են արտգործնախարարների առանձին հանդիպումներ պետքարտուղար Պոմպեոյի հետ։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպումները օրակարգում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան է և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը։

«Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն, hաղորդավար Կարին Տոնոյանի որդին՝  Մենուա Հովհաննիսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։ Արայիկ Հարությունյանը գրել է, որ կարդացել է Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա Հայրենիքի պաշտպանների անունից խոստանցել է, որ թշնամուն չեն զիջի  Արցախը:

Արցախի թեմի առաջնորդը կոչով դիմել է զենք բռնելու ունակ բոլորին՝ պահել զինվորների թիկունքը։ Պարգեւ սրբազանը հիացմունք է հայտնել 18-ից 20 տարեկան այն զինծառայողներով, որոնք այս պահին առաջնագծում են. «Նրանք իրոք հերոսների հերոսն են։ Անհավասար պայքարի մեջ ենք, վճռվում է մեր ճակատագիրը, օրհասական պահեր ենք ապրում, ես ձեզ երբեք չեմ դիմել այս կոչով, հիմա դիմում եմ», ասել է նա։

ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որն Արցախում ղեկավարում էր իր նախկին բրիգադի անդամների գործողությունները, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: Նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնել է, որ Գրիգորյանի վիճակը վատացել է գիշերը եւ նա հրամանատարությունը ժամանակավորապես հանձնել է իր ենթականերին։

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգի երկու նախագծերն էլ ընդունվել են երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Դրանցից մեկով ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են սահամնվում։ Փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի հումանիտար, առողջապահական, նաև ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորությւոններ։ Մյուս նախաձեռնությամբ բանկերին նարավորություն է տրվում առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմի դաշտում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները։

Հայաստանի ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի կեսից ավելին ընդգրկող լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Հրամանատարների խոսքով` զորավարժություններ մարտական պատրաստվածության բարձրացման համար են։ Ենթադրվում է, որ Արաքսի մյուս ափին տեղակայված իրանցի հակաօդայինները կխոցեն սահմանն անցած անօդաչուները։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Արցախի ճանաչման բանաձեւ է շրջանառվում։ Օրենսդիր Գրեյս Նապոլիտանոն բանաձեւը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի նախագահին: Սենատոր Էդվարդ Մարքին եւս հայտարարել է Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին, նաեւ կոչ է արել պետքարտուղար Մայք Պոմպեոյին հասնել անհապաղ կրակի դադարեցման եւ խաղաղ կարգավորման բանակցությունների ճանապարհով:

Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշել է, որ այդ գումարը շատ կարևոր է եւ այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելուն:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները պահանջել են դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, նաեւ տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:

Կանադայի Տորոնտո քաղաքում հայերը լուռ ակցիա են արել. Նրանք փողոցում պարաններին ու գետնին կանաց, երեխաների արյունոտ շորեր են կախել ու փռել: Հնչել է հոգեւոր երաժշտություն:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նամակ է հղել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Սինգապուրի, Լիտվայի, Արգենտինայի եւ մի քանի այլ պետությունների առաջին տիկիններին՝ խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։

«Ադրբեջանի եւ Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար։ Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում», գրել է նա:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու հերթական հակառեկորդը. 1836 վարակված՝ մեկ օրում։ Նրանց ընդհանուր թիվը հասել է 68530-ի: Մահացել է 23 մարդ, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1442 է։

Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է գրանցվել կորոնավիրուսից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո:

Թվերն աճել են, ինչը պայմանավորված է հիմնականում ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով, բայց առողջապահության հանակարգն այս պահին վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով, լրագրողներին վստահեցրել է Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։  «Կովիդով հիվանդների բուժօգնության գործին այս պահին ներգրավված է 20 բուժհաստատություն, այսօր կամ վաղը ևս երկուսը  կմիանան»,- հայտնել է  նա։

Արցախում զոհվել է «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանը։ Սևակը կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց սկզբից՝ իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով հայրենակիցներին՝ գոտեպնդվել և պայքարել ազգի գոյության համար։ «Գոտեպնդվե'ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Խոնարհումս Ձեզ առյուծածին մայրեր»,– գրել էր նա։

ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային եւ հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում։ Որոշումը պայմանավորված է Արցախում ընթացող ռազմական գործողություններով։ Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.04 դրամով ու հասել 494.37 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.05 դրամով ու հասել 585.48 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.85 դրամով  ու հասել 645.35 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով  ու կազմել 6.41 դրամ:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ 2-4 աստիճանով։ Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 8-10, վաղը ցերեկը 23-25 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ