News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի տեղափոխվել է Բաքու, չորս հայ՝ Երեւան: Այդ մասին հայտնել է ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Նրանց թվում է նաև Ազնիվ Բաղդասարյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերեվարելուց հետո ստիպել էին նկարահանվել ֆեյք հոլովակում։

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց տվյալներով այս պահին 100–ից ավելի հայ գերի է պահվում Ադրբեջանում։ Նրա խոսքով՝ գերիների տեղափոխումը հայրենիք չի ստացվում իշխանությունների ձախողված քաղաքականության պատճառով։ 

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Հադրութի շրջանի Տող գյուղում հայկական եւ ադրբեջանական զինված ընդհարում է եղել։ Ոչ ՀՀ ՊՆ–ն, ոչ էլ Արցախի Պաշտպանության բանակը այս տեղեկությունը չեն հաստատել, ՊԲ–ն հայտնել է, որ երեկ ողջ օրվա ընթացքում հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն էլ սադրանք է համարել։ Նշենք, որ Ադրբեջանը եւ մի քանի ռուսական աղբյուրներ հայտնում էին, թե Տողում մի քանի ժամ մարտեր են ընթացել, Բաքուն հայտնել էր երկու կողմից վիրավորնեի և զոհվածների առկայության մասին։ Այսօր իրանական աղբյուրը նշել է, որ մարտն ընթացել է ադրբեջանական երկու ստորաբաժանումների միջեւ։

«Իմ քայլի» պատգամավորներին այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ տհաճ անակնկալ էր սպասում։ Նրանք ստիպված են եղել ԱԺ մուտք գործել «դավաճան», «հողատու» և այլ վանկարկումների ներքո։ Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները նաև ձվերով և լոլիկներով հարվածել են «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային՝ նրան անվանելով դավաճան: Պատգամավորներից մի քանիսի նյարդերը տեղի են տվել, սկսել են վիրավորել ցուցարարներին, իսկ Սիսակ Գաբրիելյանը նույնիսկ բռունցքներով հարձակվել է նրանցից մեկի վրա ու հայհոյանքներ հնչեցրել։

Պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քերական գործ է հարուցվել խուլիգանություն հոդվածով։ 15 մարդ ձերբակալվել է։

Միջադեպ է տեղի ունեցել նաեւ «Իմ քայլից» Հայկ Սարգսյանի եւ քաղաքացիների միջեւ։ Ակցիայի մասնակիցներից մեկը գոռացել է՝ «բռնեք շիշը», ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանը վիրավորանքներ է հնչեցրել։

Ավելի ուշ՝ արդեն ԱԺ ամբիոնից Հայկ Սարգսյանը ոստիկանապետին հորդորել է շտապ հասարակական կարգը վերականգնել, այլապես սա կբերի վատ զարգացումների։ Իշխանական պատգամավորը նաև ակնարկել է հասարակական բախումներ հրահրելու հնարավորությունը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներ վերջին օրերին իրեն գրում են եւ ասում, որ եթե ոստիկանությունը չաշխատի, իրենք են ստիպված լինելու պաշտպանել պատգամավորներին։

Ազգային ժողովի մուտքի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել 8 քաղաքացու, այդ թվում նախկին նախարար Արծվիկ Մինասյանին։

Այնուհետեւ Ազգային ժողովի մոտ այսպես կոչված «ամոթի պատ» կազմած ցուցարարները երթ են սկսել Երեւանի փողոցներով: «Նիկոլ դավաճան» վանկարկումներով նրանք իջել են Բաղրամյան պողոտայով, հասել Հանրապետության հրապարակ եւ այնտեղ շարունակել ցույցը։

Հրապարակում նրանց սպասում էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա ասել է, որ անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Անդրադառնալով Փաշինյանի առաջարկին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ սկսել խորհրդակցություններ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Վազգեն Մանուկյանն ասել է՝  Փաշինյանը ցանկանում է տրոհել Հայաստանը։ Նա պետք է հեռանա մինչև արտահերթ ընտրությունները։

Ազգային ժողովի արտահերթ նիստի  օրակարգում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցն է։ Զոհրաբյանը, ԲՀԿ խմբակցության գործընկերների հետ ճեպազրույց է հրավիրել եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարարականով՝ խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը՝ Մարիա Կարապետյանի գլխավորությամբ երկնել է հակասահմանադրական մի նախագիծ։

Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր իր դեմ քրեական գործի հարուցում կազմակերպել, սակայն դա նրան չի հաջողվել եւ հիմա այս կերպ է փորձում հաշվեհարդար տեսնել։

Խորհրդարանի դահլիճում էլ «ով կարող է եւ ով չի կարող Սյունիք գնալ» թեմայով վիճաբանություն է ծագել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանի միջեւ։ Խաչատրյանի առաջարկին՝ միասին գնալ Սյունիք՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին, Մարուքյանը հիշեցրել է, որ իրենք արդեն տեղում ծանոթացել են իրավիճակին, Փաշինյանին սյունեցիները թույլ չեն տվել  մարզ մտնել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը փոշմանել է, ավելի վաղ ասել էր, որ մանդատը վայր կդնի, սակայն այսօր բացատրել է՝  հուզականության ֆոնի տակ եմ գրել։

Մոսկվայում գտնվելու օրերին Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը շուրջ մեկ ժամ զրուցել են հեռախոսով, քննարկել հետպատերազմական իրողությունների ներքո Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները, տարածաշրջանային հնարավոր զարգացումները, Հայաստանի քաղաքական և տնտեսական իրավիճակը։ Այդքան երկար զրուցելու, բայց չհանդիպելու փաստը մամուլը բացատրում է Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ, որ Պուտինը պատրաստվում է պատվաստում ստանալ COVID-19-ից եւ նա հանդիպումներն անցկացնում է հեռավար։

Սյունիքի մարզի Որոտան համայնքում այսօր տեղադրվել է տեղադրվում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նա լայվ է մտել Գորիսից Ծակեր կոչվող հատված գնացող ճանապարհին, որտեղից ցուցանակը երևում է։

Ադրբեջանական շարասյունները անարգել շարժեր են իրականացնում Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը եւ կից լուսանկար հրապարակել՝ Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասված մեքենայից։

«Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։

Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երեւում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները»,– գրել է նա՝ հարց բարձրացնելով, թե ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, և կա՞ արդյոք ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։

Հայաստանում գրանցվել է վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակվելու ամենացածր ցուցանիշը՝ 114 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 158 հազարի: Մեկ օրում վիրուսից մահացել է 7 քաղաքացի, եւս մեկ վարակված մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 3449 է։

Քարվաճառն ադրբեջանական կողմին անցնելուց հետո առաջին անգամ Դադիվանքում պսակադրություն է տեղի ունեցել։ Ասկերանից Իրինա Գաբրիելյանին ու ստեփանակերտցի Արամ Վերդյանին պսակադրել է Պարգև Սրբազանը։ Դադիվանքի անվտանգությունը հսկում են ռուս խաղաղապահները։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով ու կազմել 523.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.86 դրամով ու հասել կազմել է 640.93 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.43 դրամով ու կազմել 709.16 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.10 դրամ:

Դեկտեմբերի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը երկրում էապես չի փոխվի: Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում սպասվում է 7-ից 9 աստիճան զրոյից ցածր, իսկ վաղը ցերեկը +1-ից +3 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ