News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներն այսօր իրենց մարզ այցելած վարչապետին դիմավորել են, կարելի է ասել, համապետական մասշտաբի սկանդալով՝ հայհոյանքներով, սուլոցներով եւ իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։ Փաշինյանը Սյունիք էր մեկնել նախօրեին, խիստ գաղտնի պայմաններում՝ իր հետ տանելով մեծ թվով անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ, հատուկջոկատայիններ։ Մարզի համայնքների ղեկավարներից ոչ մեկն այցի մասին նախապես տեղյակ չի եղել։ Ուշ երեկոյան Փաշինյանը «Չէին սպասումի» ոճով դիմակավորված անձանց ուղեկցությամբ անակնալ այցելել է շուռնուխցիների տներ, որոնք առանց այդ էլ ահաբեկված են ապրում ադրբեջանցիների հետ տասնյակ մետրերի հեռավորությամբ հայտնվելուց հետո։

Ավելի ուշ Շուռնուխ գյուղի բնակիչներից Նաիրա Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իրենք շատ են վախեցել, երբ սահմանից մի քանի մետրի վրա գտնվող իրենց տունը նախապես շրջապատվել է հատուկջոկատայիններով։

Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որն ուղեկցել էր Փաշինյանին այս անակնկալ շրջայցի ժամանակ հպարտությամբ իր էջում տեղադրել էր նաև տիկին Նաիրիայի տան լուսանկարները, որոնցից մեկում որտեղ շփոթված տանտիրուհին արագ սեղանից հավաքում է ընթրիքի մնացորդները։

Այսօր առավոտյան Փաշինյանի առաջին կանգառն Ագարակում էր։ Քաղաքում նրան դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան», «թուրք» վանկարկումներով, սուլոցներով, փորձել խոչընդոտել նրա մուտքը քաղաքի հրապարակ, քանիցս  ոստիկանների հետ քաշքշուկ է տեղի ունեցել։

Նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝  «եթե կամովին չտան, զոռով կվերցնենք Զանգեզուրը», ինչին Երեւանը պատշաճ չէր արձագանքել։ Այս հանգամանքն ավելի էր զայրացրել սյունեցիներին, որոնք առանց այն էլ նոյեմբերի 9-ից հետո պահանջում են  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ արդեն մեկ անգամ խափանել էին նրա այցը մարզ։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։

Չնայած այսպիսի վերաբերմունքին, Փաշինյանն այնուամենայնիվ, փորձել է հայհոյանքների ու սուլոցների ներքո, երթով անցնել քաղաքով։ Քաղաքացիները փակել են անվտանգության մեքենաների ճանապարհը, ագարակցիները մեկը մագլցել է ավտոմեքենայի վրա։

Բարձրախոսով Փաշինյանի ողջույններին քաղաքացիները պատասխանել են հայհոյանքներով ու այդպես էլ թույլ չեն տվել ավարտել երթը։

Առանց այն էլ բորբոքված ագարակցիներին ավելի է վրդովվեցրել Փաշինյանի «սրանց» դիմելաձեւը։

Ագարակցիները Փաշինյանին մեղադրել են Արցախյան պատերազմում զոհվածների համար, շեշտել, որ տղաների արյան մեղքը նրա վրա է։ Կրկին սկսվել է քաշքշուկ ոստիկանների հետ։

Հրմշտոցի ընթացքում պատռվել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի հագուստը: Ագարակցիները ոչ մի կերպ չեն հանդարտվել. Նրանք շարունակել են վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», հնչեցրել հայհոյանքներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը Ագարակում քաշել է  5-րդ ալիքի լրագրողի ձեռքից, խոչընդոտել նրա աշխատանքը, միջամտել են ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները։

Չնայած այսպիսի դիմավորմանը, Փաշինյանն այցելել է նաեւ Մեղրի, որի փողոցներում եւս մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝  ցանկանալով իրենց վերաբերմունքն արտահայտել նրա հանդեպ։

Մեղրիում եւս  Փաշինյանին դիմավորեցին հայհոյանքներով ու սուլոցներով:

Ինչպես եւ Ագարակում, Մեղրիում նույնպես, Նիկոլ Փաշինյանի  հեռանալուց հետո քաշքշուկ է սկսվել քաղաքացիների եւ հատուկջոկատայինների միջեւ։ Կադրերում երեւում է, թե ինչպես է այդ քաշքշուկի ընթացքում քաղաքացին գրկելով հեռացնում ԱԱԾ հատուկջոկատայինին։

Քաջարանի բնակիչներն ընդհանրապես փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը, որպեսզի վարչապետը չկարողանա մտնել իրենց քաղաք: Փաշինյանը եւ նրան ուղեկցող շարասյունը ստիպված շրջանցել են Քաջարանը եւ քաղաք չեն մտել:

Քաջարանը շրջանցելով Փաշինյանն այցելել է մարզկենտրոն Կապան, որտեղ նույնպես «ջերմ» ընդունելության է արժանացել։

Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված եւ դեպի հուշահամալիր տանող ճանապարհը փակած կապանցիներից մեկն ասել է, որ չեն ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու զոհված ազատամարտիկների գերեզմանները պղծի։

Կապանում մի պահ քաշքշուկ է սկսվել  մարզպետարանի շենքի դիմաց հավաքված Փաշինյանին աջակցողների ու նրա դեմ բողոքողների միջեւ։ Ոստիկանները հանդարտեցրել են քաշքշուկի մասնակիցներին։

Շտապ Կապան են ժամանել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը։  Մարզպետարանում նրանք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ:

NEWS.am-ի տեղեկություններով՝  Փաշինյանն ԱԱԾ տնօրենից պահանջել է «հավաքել» Սյունիքում իր դեմ ցույցերի կազմակերպիչներին և ակտիվիստներին։ ԱԱԾ–ում սկսել են այդ մարդկանց ցուցակը կազմել։ ԱԱԾ–ին հրահանգվել է նաև ձերբակալել Փաշինյանի հրաժարականը պահանջած և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անդամագրված՝ Սյունիքի համայնքապետերին։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատախազ Էդուարդ Հարությունյանը զեկուցել է, որ Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից պետք է ուղարկվի Քննչական կոմիտե, ասել է նա։

Խորհրդակցությանը ներկա էին նաև Երևանից այսօր շտապ Սյունիք մեկնած՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Փաշինյանը նրանց հրահանգել է կտրուկ միջոցներով պատժել մեղավորներին։

NEWS.am–ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ասել է, ՓԱշինյանը հրահանգել է ձերբակալել իրեն։

NEWS.am-ի թղթակիցը Սյունիք մեկնելու ճանապարհին նկարահանել է Երևանից մարզ ուղևորվող ոստիկաններով լի չորս ավտոբուս։

Կապանից Գորիս ուղևորվելիս Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով հեռացել է՝ անտեսելով շուռնուխցիներին, որոնք մի քանի ժամ կանգնած էին ճանապարհին ու սպասում էին վարչապետին, որ բարձրացնեն իրենց հուզող հարցերը։

Ոստիկանները պատ էին կազմել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունն անարգել անցնի։ Բարկացած շուռնուխցիները ձվերով հարվածել են Փաշինյանի ավտոշարասյանը։

Գորիսում մեծ թվով բնակիչներ էին հավաքվել՝ վարչապետի այցի առնչությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու , սակայն Փաշինյանն այստեղ կարճ է մնացել, այցելել է զորամաս, ապա արագ ավտոշարասյունով հեռացել։

Պատերազմից ավելի քան 5 ամիս անց, հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Պատերազմի առաջին օրերի մասին «Զինուժ» հաղորդման հայտնի ռեպորտաժի հերոսը՝ մարտադաշտում իր տղաներին դուխ տվող հրամանատարը պատերազմի ծանր օրերին ոգեշնչեց նաև թիկունքում գտնվող հազարավոր մարդկանց ու դարձավ 44–օրյա կենաց–մահու կռվի խորհրդանիշերից մեկը։ Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը հինգշաբթի է, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հայաստանում նախօրեին կորոնավիրուսից  34–ամյա հղի կին է մահացել։

 NEWS.am-ի տեղեկություններով՝ նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։ Սա Քովիդից հղի կնոջ առաջին մահվան դեպքն է Հայաստանում։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 210 հազարից: Մահացել է 30 վարակակիր, որոնցից 5-ի մահն, ըստ առողջապահական գերատեսչության, գրանցվել է այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 4931 է։

Համաշխարհային ֆուտբոլում բարձրացած փոթորիկը, կարծես, հանդարտվում է։  Եվրոպական  Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին, երբ լիգայի հիմնադիր 12 ակումբներից 6 անգլիականները հայտարարել են նախագծից դուրս գալու մասին։ ՈւԵՖԱ-ից շահավետ առաջարկ է եղել այդ ակումբների համար, բացի այդ, թերեւս, ազդել էր ՖԻՖԱ-ի սպառնալիքը, որ Սուպերլիգայում խաղացողները կզրկվեն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում իրենց հավաքականները ներկայացնելու իրավունքից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.34 դրամով, հասել է 522.23 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.35 դրամով ու կազմել 626.94 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով ու կազմել 727.62 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով  ու կազմել 6.79 դրամ:

Ապրիլի 22-ին կեսօրից հետո և գիշերը երկրի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է կարկուտ։ Երևանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 13-15, վաղը ցերեկը 25-27 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ