News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցում անհրաժեշտ է հստակ պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի պատասխանում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքով շարժման նոր երթուղու կառուցման պլանը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայմամբ»: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանը սկսել է Ստեփանակերտը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Համացանցի ադրբեջանական հատվածում տարածվել է Հագարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարը։ Կամուրջը, դատելով մեկնաբանություններից, կդառնա նոր ճանապարհի մի մասը։ Բացի այդ, տեղեկություն է հայտնվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, եւ դրանից մի փոքր հեռու մաքսակետ է կառուցվում։ Որոշ տեղեկություններով՝ նոր ճանապարհը շրջանցելու է Լաչին քաղաքը եւ Աղավնո գյուղը։ Ի՞նչ տեղեկություններ ունի ռուսական կողմը։ Ի՞նչ ճանապարհ է կառուցում Ադրբեջանը։ Սա այն նոր երթուղի՞ն է, որի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ համաձայնություն է ձեռք բերվել։ Եթե այո, ապա ե՞րբ է հաստատվել նոր երթուղու կառուցման նախագիծը։ Ինչպե՞ս պետք է անցնի նոր երթուղին։ Ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին եւ Աղավնո գյուղին։ Ե՞րբ է նախատեսվում ռուսական խաղաղապահ ուժերի վերատեղակայումը նոր երթուղու երկայնքով։

Ելնում ենք նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցում անհրաժեշտ է խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները։

Այնտեղ նախատեսում է, որ «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։ Երբ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ-ներին։

Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբում պահվող խորհրդային շրջանի քարտեզներով։ Ո՞ր տարվա քարտեզներով է Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում իրականացնել սահմանազատումն ու սահմանագծումը: Առաջարկ արվե՞լ է արդյոք հայկական եւ ադրբեջանական կողմերին։ Որքանո՞վ է ընդունելի եղել այդ առաջարկը։

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային խնդիրների լուծմանը։ Ինչպես նշված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են «աշխատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի զատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ դրա հետագա սահմանագծմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով»: Հենց որ այս Հանձնաժողովը ստեղծվի, Ռուսաստանը պատրաստ կլինի համապատասխան քարտեզագրական տեղեկատվություն տրամադրել կողմերին եւ ցուցաբերել բոլոր անհրաժեշտ աջակցությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ