«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է ահազանգների նոր շարք` «Բնություն, թե՞ բիզնես» ընդհանուր խորագրով:Բազմաթիվ փորձագետներ Հայաստանի էկոլոգիական վիճակն ընդհանուր առմամբ անմխիթար են գնահատում:
Չնայած համապատասխան ռազմավարության, օրենսդրության եւ պետական ծրագրերի, մեր երկրում բիզնեսի շահերը, որպես կանոն, գերակշռում են բնության պահպանման պես բացարձակ արժեքին: Նախօրեին «Չենք լռելու»-ի մի խումբ անդամներ արշավի էին մեկնել դեպի Դիլիջան:
Երիտասարդները նկատել են, թե ինչպես են Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետեւից դուրս գալիս փայտով լի բեռնատարները: Հատկանշական է, որ դրանցից որեւէ մեկի վրա պետհամարանիշ չի եղել:Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք եւ ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել է ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար: Դենդրոլոգը հավելել է նաեւ, որ Դիլիջանի անտառներում աճող ծառերը, որպես կանոն, օգտագործվում են մանրահատակ պատրաստելու համար:




























