Այսօր առավոտյան իմ աչքի առջեւ մի շուն սպանվեց. «ԳԱԶելը» մեծ արագությամբ ուղղակի անցավ շան վրայով, վարորդը նույնիսկ չմտածեց արգելակելու մասին:

Դեպքը տեղի ունեցավ մայրաքաղաքի Արարատյան զանգված կոչվող հատվածում: Վայրին անծանոթների համար նշենք,  որ երթեւեկելի հատվածն ուղղակի անցնում է տների բակով: Մայթերի, լուսակիրների,  նշանների, այդ թվում` բնակելի գոտիով երթեւեկելու իսպառ բացակայություն:

Շատ վայրերում ճանապարհի լայնությունը  հազիվ է թույլ տալիս  հանդիպակաց մեքենաներին  իրար չբախվել, եւ իրենից  ուղղակի շրջադարձերի  հաջորդականություն է ներկայացնում:  Եւ ահա նման ճանապահի վրա  երթուղայինները «ռալլի» են սարքում:

Ուղեւորների համար պայքարում որոշ վարորդներ, թվում է, պատրաստ են ոչ միայն  անտեսել ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները, այլ  անգամ հոգին ծախել սատանային:

Կարեւորը, թույլ չտալ մրցակցին առաջ անցնել եւ ուղեւորներին տիրանալ: Եւ այստեղ թույլատրելի է ամեն ինչ. ե’ւ կտրուկ տեղաշարժեր, ե’ւ անհնարին մանեւրներ, համարյա ` «Տաքսի-4»` հայրենական «շումախերների» կատարմամբ: Ընդ որում` վարորդների մեծ մասի բնորոշ գծերից է  ոչ միայն Ճանապարհային երթեւեկության կանոնների չիմացությունը, այլեւ  բարձր արագության նկատմամբ  հակվածությունը եւ բռի վերաբերմունքը ուղեւորների ու հետիոտնի նկատմամբ: 

Բոլորին է հայտնի, թե  մեզանում ինչպես է դրված վարորդական իրավունքի ստացման գործընթացը, եւ,  իրականության դառը հեգնանքով,  նախիկնում իրավունք գնելն ավելի էժան էր, քան ստանալը: Ահա եւ քաղաքով շրջում են մահաբեր «ԳԱԶելներ» ու «Ֆորդերը», որոնք վարում են կիսագրագետ, փնթի կառապանները:

Այսօր առավոտյան իմ աչքի առջեւ սպանեցին մի շան: Թիվ 98  երթուղու «ԳԱԶելը» չէր կարող համակերպվել, որ իրեն վազանցի թիվ 42 երթուղայինը: Խոսքն այստեղ այն չէ, որ սպանել են ինչ- որ «բոբիկի» կամ «շարիկի». շան տեղը կարող էր նաեւ երեխա լինել, եւ արդյունքը, որքան էլ ցավալի է, նույնն էր լինելու: