Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում սելավի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը համարվում են անհետ կորած, տեղական իշխանություններին հղումով հայտնում է Синьхуа գործակալությունը։
Սելավը սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան պատուհասել է Պանչժիխուա քաղաքի Յանբյան գավառի Չժիլյուհե գյուղին։ Տարերային աղետը տեղի է ունեցել Շիցզյագոու թունելի շրջանում։
Նախնական տվյալներով, դեպքի հետևանքով հինգ մարդ համարվել է անհետ կորած։ Ժամը 22:00-ի դրությամբ փրկարարները նրանցից երկուսին հայտնաբերել են, սակայն երկուսն էլ մահացած են եղել։ Եվս երեքի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։ Փրկարարական աշխատանքները բարդանում են շարունակվող անձրևների և նոր սելավների վտանգի պատճառով։ Տեղում աշխատում է ավելի քան 200 մարդ, անհետ կորածների որոնման համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և հատուկ սարքավորումներ։
Նոր տարերային աղետների սպառնալիքի պատճառով Սիչուանի իշխանությունները տարածաշրջանային արտակարգ արձագանքման ռեժիմ են սահմանել։ Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես գործարկել է ազգային մակարդակի չորրորդ աստիճանի արձագանքը և աշխատանքային խումբ ուղարկել՝ փրկարարական աշխատանքները համակարգելու համար։
Տեղական իշխանությունները նաև սկսել են բնակիչների տարհանումը պոտենցիալ վտանգավոր շրջաններից։ ԶԼՄ-ների տվյալներով, երկու օրվա ընթացքում ժամանակավորապես տեղավորվել է 173 մարդ։ Միևնույն ժամանակ, ժամանակին իրականացված տարհանումը թույլ է տվել խուսափել տեղի բնակիչների շրջանում զոհերից։




























