Աթենքի ոստիկանությունը բացահայտել է մի խմբավորում, որը, ըստ քննության վարկածի, Մեծ Աթենքի տարածքում կատարել է ավելի քան 20 գողություն և արդյունքում ստացել մոտ 180 հազար եվրո, հայտնում է Kathimerini-ն։
Գումարի մի մասը կասկածյալները փոխանցել են արտերկիր, իսկ մյուս մասը պահել են՝ հնարավոր ձերբակալությունների դեպքում, այդ թվում՝ հնարավոր դատական ծախսերը հոգալու համար։
Երեք կասկածյալներ, որոնք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են, հինգշաբթի օրը ձերբակալվել են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու կասկածանքով։ Քննության շրջանակում նույնականացվել է ևս հինգ մարդ․ նրանցից երկուսն արդեն գտնվում են հունական բանտերում, երեքը՝ երկրի սահմաններից դուրս։
Ոստիկանության տվյալներով, խմբավորումը գործել է վերջին մեկ տարվա ընթացքում։ Գողությունների մեծ մասը տեղի է ունեցել Աթենքի կենտրոնական շրջաններում, սակայն հանցագործները նաև հարձակումներ են իրականացրել Կալիթեայում, Նեո-Ֆալիրոյում և մայրաքաղաքից արևելք գտնվող Սպատայում։
Ինչպես պնդում են իրավապահները, խմբավորման անդամներից մեկն աշխատել է տնից։ Նա, իբր, հանցակիցներին փոխանցել է տեղեկություններ պոտենցիալ շահավետ թիրախների մասին, ինչպես նաև հայտնել է, թե այնտեղ ինչ անվտանգության համակարգեր են տեղադրված և որտեղ են սեփականատերերը պահում արժեքավոր իրերը։
Գողություններից խմբավորման ընդհանուր եկամուտը ոստիկանությունը գնահատում է մոտ 180 հազար եվրո։ Մոտ 76 հազար եվրո կասկածյալները փոխանցել են արտերկիր։ Բացի այդ, նրանք ստեղծել են պահուստային ֆոնդ, որը, ենթադրաբար, նախատեսված էր մասնակիցների ձերբակալման դեպքում հնարավոր իրավաբանական ծախսերի, ինչպես նաև հենց խմբավորման ընթացիկ ծախսերի վճարման համար։
Գործողության ընթացքում ոստիկանությունն առգրավել է ենթադրաբար գողացված մեծ քանակությամբ իրեր, այդ թվում՝ զարդեր, ժամացույցներ, գրիչներ և սպասքի հավաքածուներ։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և փողերի լվացման համար։ Քննությունը շարունակվում է։





























