Գերմանիայի երկու քաղաքացի շաբաթ օրը ձերբակալվել են այն բանից հետո, երբ Լուվրի այն սրահի պատին, որտեղ ցուցադրվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կախել են իրենց երկու նկարները։ Դրա համար նրանք օգտագործել են կպչուն ժապավեն, հաղորդում է Le Figaro-ն։
Փոքր վնասվածքներ հայտնաբերվել են միայն պատին, իսկ նկարը չի տուժել, հայտնել են ֆրանսիական ոստիկանությունից։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:30-ին։ Մոտ 30 և 40 տարեկան տղամարդիկ պատին ամրացրել են 30x40 սանտիմետր չափսերով երկու կտավ։ Առաջինի վրա պատկերված էր հեղինակներից մեկը զրահաբաճկոնով, երկրորդի վրա՝ երկու տղամարդկանց դիմանկարները մի կնոջ հետ միասին։
Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և կանգնեցրել են այցելուներին, ինչից հետո կանչել են ոստիկանություն։ Նկարները հանելիս պահակները հայտնաբերել են պատի փոքր վնասվածքներ։
Հարցաքննության ընթացքում տղամարդիկ բացատրել են, որ դա արել են զվարճանալու համար։ Այն բանից հետո, երբ Լուվրը դիմում է ներկայացրել, նրանց պետք է ավելի ուշ կանչեն հետագա դատավարական գործողությունների համար։
Դեպքը տեղի է ունեցել Լուվրի անվտանգության նկատմամբ բարձրացված ուշադրության ֆոնին։ 2025 թվականի հոկտեմբերին թանգարանից գողացվել էին ֆրանսիական թագի ութ թանկարժեք զարդեր։ Կասկածվող կողոպուտի չորս ենթադրյալ մասնակիցներ ձերբակալվել են, սակայն մոտ 88 միլիոն եվրո արժողությամբ գողացված արժեքավոր իրերը մինչև այժմ չեն հայտնաբերվել։
Բացի այդ, թանգարանը բախվել էր այլ խնդիրների ևս․ նոյեմբերին և փետրվարին ջրի արտահոսքերը վնասել էին հին եգիպտական հնությունների բաժնի գրադարանի մի քանի հարյուր հրատարակություններ, ինչպես նաև XIX դարի ներկված առաստաղը։ Այս իրադարձությունների ֆոնին Լուվրը պատրաստում է լայնածավալ վերակառուցման նախագիծ, որը, մասնավորապես, նախատեսում է նաև «Մոնա Լիզայի» համար նոր սրահի ստեղծում։





























