Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հզորությունը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 7:35-ից, 150 ՄՎտ-ով նվազեցվել է մեխանիկական սարքավորումների անսարքության պատճառով։ Այդ մասին հայտնել է կայանի ղեկավարությունը։
«Մասնագետներն աշխատում են անսարքության վերացման ուղղությամբ»,- ասվում է MVM Paksi Atomerőmű Zrt. օպերատորի հաղորդագրության մեջ։
Հզորության ներկայիս նվազեցման պատճառը կապված չէ Դանուբում ջրի մակարդակի հետ։ Սակայն գետի վիճակը շարունակում է մնալ ԱԷԿ-ի աշխատանքի կարևոր գործոն, քանի որ դրա ջուրն օգտագործվում է կայանի հովացման համար։
Ամռանը «Պակշ» ԱԷԿ-ն արդեն բախվել էր աշխատանքի լուրջ սահմանափակումների՝ Դանուբի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով։ Հուլիսի վերջին սակավաջրության հետևանքով երրորդ էներգաբլոկը ստիպված էին ամբողջությամբ կանգնեցնել, իսկ երկրորդի հզորությունը՝ կրճատել կիսով չափ։ Կայանում զգուշացրել էին, որ գետի մակարդակի հետագա անկման դեպքում կարող էր պահանջվել ամբողջ ԱԷԿ-ի կանգնեցում։
Օգոստոսին հունգարական իշխանությունները սկսեցին Դանուբում՝ Պակշի շրջանում, հատակային շեմի կառուցումը, որպեսզի պահպանեն կայանի հովացման ջրանցքի մոտ անհրաժեշտ ջրի մակարդակը։ Առաջին փուլում նախատեսվում էր օգտագործել 35 հազար խորանարդ մետր քար, այնուհետև՝ ևս 110 հազար խորանարդ մետր։ Իշխանությունների գնահատմամբ, կառույցը պետք է բարձրացներ ջրի մակարդակը մոտ մեկ մետրով և ապահովեր պայմաններ կայանի ամբողջ հզորությամբ աշխատանքի համար։
Որպես ժամանակավոր միջոց՝ իշխանությունները նաև պատրաստել էին 80 մետր երկարությամբ երկու բարժա, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլիներ խորտակել, որպեսզի կարճ ժամանակով Դանուբի մակարդակը բարձրացվի մոտ 20 սանտիմետրով։
Ջրի մակարդակի բարձրացումից և հատակային շեմի կառուցումից հետո ԱԷԿ-ի մասնագետները օգոստոսին սկսեցին փուլ առ փուլ աշխատանքի վերադարձնել նախկինում կանգնեցված էներգաբլոկները։
Սակայն սակավաջրության խնդիրը վերջնականապես չի վերացել։ Սեպտեմբերին Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել էր, որ հենց կառուցված հատակային շեմն է թույլ տալիս ԱԷԿ-ին շարունակել անընդհատ աշխատել։





























