Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ներում է շնորհել ՑԱՀԱԼ-ի նախկին զինծառայող Էլոր Ազարիային, որը դատապարտվել էր 2016 թվականին Հեբրոնում վնասազերծված պաղեստինցի մարտիկի սպանության համար, հայտնում է The Times of Israel-ը։
Որոշումն ընդունվել է՝ չնայած ռազմական ղեկավարության դիրքորոշմանը, որը դեմ էր նրա խնդրանքի բավարարմանը։
Հերցոգի որոշումը նշանակում է Ազարիայի դատվածության մնացած ժամկետի վաղաժամ դադարեցում։ Օրենքի համաձայն, այն պետք է մարվեր 2032 թվականին, սակայն այժմ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Նախագահի աշխատակազմը ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում դատական որոշման վերանայմանը կամ դրա հետևանքների չեղարկմանը։
Ազարիան հուլիսին դիմել էր դատվածության ժամկետը կրճատելու խնդրանքով, քանի որ այն խոչընդոտներ էր ստեղծում աշխատանքի տեղավորման համար։ Նրա խնդրանքը պաշտպանել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Միևնույն ժամանակ ՑԱՀԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը և մյուս բարձրաստիճան զինվորականները Կացին նամակ էին ուղարկել, որտեղ հայտարարել էին, որ չեն աջակցում Ազարիայի խնդրանքին։
2016 թվականին Ազարիան, որը ծառայում էր որպես ռազմական բուժակ, Հեբրոնում գնդակահարել էր պաղեստինցի Աբդել-Ֆաթթահ աշ-Շարիֆին, որը դրանից քիչ առաջ դանակով հարձակվել էր իսրայելցի զինծառայողի վրա։ Կրակոցի պահին աշ-Շարիֆն արդեն վիրավորված էր, պառկած էր գետնին և վնասազերծված էր։ Times of Israel-ի տվյալներով, կրակոցը տեղի է ունեցել մոտ 11 րոպե անց այն բանից հետո, երբ նրան վնասազերծել էին։
2017 թվականին ռազմական դատարանը Ազարիային մեղավոր էր ճանաչել անզգուշությամբ սպանության մեջ և դատապարտել 18 ամսվա ազատազրկման։ Նա բանտում անցկացրել էր ինը ամիս։ Գործը լուրջ տարաձայնություններ էր առաջացրել իսրայելական հասարակությունում․ ոմանք զինծառայողի գործողությունները համարում էին արդարացված, մյուսները մատնանշում էին օրենքի և բանակային նորմերի խախտումը։
Իսրայելի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ Հերցոգը հաշվի է առել միջադեպից հետո անցած երկար ժամանակը, Ազարիայի կողմից նշանակված պատժի կրումը, վաղեմության ժամկետի լրանալը, նրա անձնական և ընտանեկան հանգամանքների փոփոխությունը, ինչպես նաև նրա արտահայտած ափսոսանքը և աշխատանքի տեղավորման խոչընդոտներից ազատվելու ցանկությունը։ Նախկինում նախագահ Ռեուվեն Ռիվլինին ուղղված դիմումում Ազարիան ընդունել էր, որ եթե տեղի ունեցածը գնահատեր հետադարձ հայացքով, կրակոցը օպերատիվ սխալ էր, և ինքը դա չէր կրկնի։
Միևնույն ժամանակ Հերցոգն ընդգծել է, որ իր որոշումը կասկածի տակ չի դնում ռազմական դատական համակարգի աշխատանքը և գործի վերանայում չէ։ Նախագահի համոզմամբ, ներման ինստիտուտը գթասրտության դրսևորում է, ոչ թե բողոքարկման ատյան։
Ազարիայի նկատմամբ շարունակում են գործել նաև ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2024 թվականին, ներառյալ ԱՄՆ մուտքի արգելքը նրա և նրա ընտանիքի անդամների համար։





























