Ռոքի սիրահարներին հաճելի անակնկալ է սպասվում. բրիտանական լեգենդար Black Sabbath ռոք խումբը վերամիավորվում է իր նախնական կազմով: Այս մասին պաշտոնապես հայտնել են վոկալիստ Օզզի Օզբորնը, կիթառահար Թոնի Այոմին, բասիստ Տերրի «Գիզեր» Բատլերը եւ հարվածային գործիքահար Բիլ Ուորդը: Հայտարարությունն արվել է նոյեմբերի 11-ին, Լոս Անջելեսի հայտնի «Whisky A Go-Go» ակումբում, որտեղ ուղիղ 41 տարի առաջ խումբն իր առաջին համերգն է տվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երաժիշտները պատմել են իրենց մոտակա ծրագրերի մասին. նոր ալբոմ կձայնագրեն, 2012թ. հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայում կմասնակցեն երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ համաշխարհային շրջագայության կմեկնեն: Վերամիավորված խմբի պրոդյուսերը Ռիկ Ռուբինն է` ԱՄՆ «Գրեմիի» պատվավոր 7 մրցանակների դափնեկիր:
Նոր ալբոմը դեռ վերնագիր չունի. այն կթողարկվի 2012թ. աշնանը: «Դա 9-րդ համատեղ ալբոմը կլինի, իսկ 1978թ. «Never Say Die!» ալբոմի թողարկումից հետո` առաջինը», - ասվում է Այոմիի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Խումբը նաեւ նոր կայք ունի, որում նախատեսվում է հրապարակել մամուլի բոլոր պաշտոնական հաղորդագրությունները: Այսուհետ խումբը նաեւ վիրտուալ ներկա կլինի Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում:
Black Sabbath բրիտանական խումբը ձեւավորվել է 1969թ. Բիրմինգհեմում եւ նկատելի ազդեցություն է ունեցել ռոք երաժշտության զարգացման վրա:
Խմբի ալբոմները UK Albums Chart-ի առաջին տասնյակում են ընդգրկվել: 2010թ. Black Sabbath-ի ալբոմների ընդհանուր տիրաժը հասել է գրեթե հարյուր միլիոնի:
1995թ.-ից խումբը նոր ալբոմներ չի թողարկել եւ 1970-ականների «դասական» կազմով հանդես է եկել միայն առանձին համերգներում: Մասնակիցների մեծ մասը միայնակ է հանդես գալիս:
Հիշեցնենք, որ Թոնի Այոմին Հայաստանում հայտնի է իր բարեգործություններով: Նա մեկ այլ լեգենդար ռոք երաժիշտ Յան Գիլանի հետ մասնակցում է Գյումրիի երաժշտական դպրոցի աջակցության ծրագրին:




























