Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը Ղրղըզստանի նախագահ է ընտրվել: Նոյեմբերի 12-ին երկրի ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալներով` նա հավաքել է ձայների 62,52 տոկոսը:

Մնացած թեկնածուներից ընդդիմադիր «Բութուն Կրգըզստան»  («Միացյալ Ղըրղզստան»)  կուսակցության առաջնորդը հավաքել է ձայների 14,78 տոկոսը, իսկ իշխող «Աթա Ժուրտ» («Հայրենիք»)  կուսակցության  խորհրդարանական խմբակցության ղեկավար Կամչիբեկ Թաշիեւը ստացել է ձայների 14,32 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ղրղըզստանում նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 30-ին: Նախագահի պաշտոնին հավակնում էին 16 թեկնածուներ: Ղրղըզստանի ղեկավարն ընտրվում է մեկ վեցամյա ժամկետով: Երդման արարողությունը տեղի կունենա արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում:

Ղրղըզստանի Սահմանադրության համաձայն` գործող նախագահ Ռոզա Օթունբաեւայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: