Թահրիր հրապարակում դեռ մարդիկ կան, չնայած Գերագույն ռազմական խորհուրդը խոստացել է երկրում հանրաքվե անցկացնել` իշխանությունը քաղաքացիական հասարակությանը փոխանցելու համար:
Հանրաքվեին կսահմանվի իշխանությունը փոխանցելու ժամկետը` հաջորդ տարվա հունիսից ոչ ուշ: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է խորհրդի ղեկավար, մարշալ Մուհամեդ Հուսեյն Տանտաուին` խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Ըստ նրա` խորհրդարանական ընտրությունները որոշվել է անցկացնել նոյեմբերի 28-ին, իսկ նախագահականը` 2012թ. կեսերին, ինչպես դա պահանջել է ընդդիմությունը, հայտնում է «Вести.Ру»-ն: Ընդդիմության որոշ կողմնակիցներ պահանջում են անհապաղ հանձնել իշխանությունը:
Տանտաուին հաղորդել է, որ ընդունում է ժամանակավոր կառավարության հրաժարականը, բայց այն աշխատանքը կշարունակի մինչեւ «Ազգային փրկության» նոր կառավարության ձեւավորումը: Նա հայտնել է, որ Եգիպտոսի զինված ուժերը «չեն ձգտում իշխանության, այլ պաշտպանում են երկրի շահերը եւ պատրաստ են կրկին վերադառնալ իրենց նախնական` Եգիպտոսի պաշտպանության գործին, եթե հանրաքվեին ժողովուրդն այդպես որոշի: Բայց հանրաքվեի անցկացման ժամկետը մարշալը չնշեց:
Նրա հեռուստատեսային կոչից հետո Թահրիր հրապարակի հարյուրհազարանոց ամբոխը չի ցրվել: Այնտեղ վրաններ եւ ելույթների համար նախատեսված ամբիոններ են: Մարդիկ վանկարկում են`«Տանտաուի, հեռացիր»:
Այնուամենայնիվ, Եգիպտոսի ոստիկաններն իշխանություններից արդեն հրահանգ են ստացել` ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել: Ինչպես հայտնել են կառավարությունում, արյունահեղության բոլոր դեպքերը կհետաքննվեն: Բացի այդ, ուժային կառույցների աշխատակիցները պետք է լքեն հրապարակին հարակից թաղամասերը: Ոստիկաններին փոխարինելու կգան ժողովրդական բրիգադները:
Եգիպտական Կահիրե, Ալեքսանդրապոլ, Սուեց քաղաքների ցույցերը շարունակվում են արդեն հինգ օր: Հենց այդքան օր էլ մնացել է խորհրդարանական ընտրություններին:




























