News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ:

ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին եւ 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից, հակառակորդը բավականին մեծ հաճախականությամբ կիրառել է նաեւ հեռահար դիպուկահարային հրացաններ: Անցած 7 օրերի ընթացքում, միայն «СВД», «Սեւ նետ» եւ «Իստիգլալ»   դիպուկահար հրացաններից, ադրբեջանական կողմն արձակել է մոտ 250 թիրախային կրակոց:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ եւս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլեւ նպատակային քայլեր է ձեռնարկում շփման գծում լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր ընթացիկ եւ հետագա գործողություններում լինել ավելի կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք:

Հարկ է ընդգծել, որ միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում ՊԲ-ի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ ՊԲ հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում  ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են մինչեւ 7 զոհ եւ վիրավոր:

Ակնհայտ է, որ ներքաղաքական եւ ներհասարակական ընդվզումներից երկիրն ու սեփական զինուժը զերծ պահելու համար, պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնում վերոնշյալ փաստերը հրապարակավ ներկայացնելուց: Սակայն ըստ հավաստի աղբյուրների, տվյալ երկրի իշխանությունները կատարվածի շուրջ պաշտպանության նախարարությունից պահանջում են կոնկրետ պարզաբանումներ եւ բացատրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ