Պակիստանը Միացյալ Նահանգներին վերջնագիր է ներկայացրել` պահանջելով 15 օրվա ընթացքում զորքերը դուրս բերել երկրի տարածքում գտնվող ռազմաբազայից: Բացի այդ, պաշտոնական Իսլամաբադը հայտարարել է, թե Վաշինգտոնի հետ հարաբերություններն ամբողջությամբ կվերանայվեն:
Նման կոշտ դիվանագիտական վարքագծի պատճառը ՆԱՏՕ-ի ուղղաթիռների գրոհն էր պակիստանյան բանակի` Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող բլոկպոստի վրա: ՆԱՏՕ-ի ուղղաթիռների կողմից գնդակոծումներին զոհ են գնացել պակիստանցի 28 զինծառայողներ, 14-ը ծանր վիրավորվել են:
Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչ, գեներալ Կարստեն Ջեյկոբսոնը հայտարարել էր, թե «ամենայն հավանականությամբ» գրոհի համար պատասխանատու է ՆԱՏՕ-ի օդուժը:
Իրենց հերթին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կատարվածի առնչությամբ ափսոսանք են հայտնել եւ հայտարարել մանրամասն հետաքննություն իրականացնելու մասին: Նրանց հայտարարության մեջ սակայն չի նշվում` արդյոք ԱՄՆ-ն ընդունում է միջադեպի մեջ ՆԱՏՕ-ի մեղքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























