Լոռիի մարզի Լորուտ գյուղում կենդանիների շրջանում հիվանդություն է տարածվել եւ կարանտինային վիճակ հայտարարվել: Համայնքի բնակիչների փոխանցմամբ, կենդանիների անկում չի եղել ու չի սատկել ոչ մի խոզ, բայց այս պահին էլ դեռ հիվանդության ախտանշաններով խոզեր կան:
Հարկ է նշել, որ 2007 թվականին եւս այս նույն համայնքի խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ, ինչի հետեւանքով սատկել են խոզերի 99 տոկոսը: Այն ժամանակ, սակայն, գյուղացիները ստացել են փոխհատուցում, իսկ այս դեպքի փոխհատուցման մասին վարկածը մերժում են գյուղում այդ պահին ներկա մասնագետները:
Վերջին տվյալներով, Լորուտում մոտ 450 խոզ կան, որոնցից մի քանիսն այժմ էլ բարձր ջերմություն ունեն:
Դեպքից կարճ ժամանակ անց, իրավիճակին տեղում ծանոթանալու համար գյուղ են այցելել Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության, սննդի անվտանգության տեսչության եւ բուժասանիտարիայի ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հովհաննես Հակոբյանը, ում խոսքով, կատարվել է փորձաքննություն, որի պատասխանները հայտնի կդառնան 1 շաբաթից միայն: Իսկ աֆրիկյան ժանտախտ ախտորոշումը սկզբնական, չհաստատված վարկածն է, գյուղի անասնաբույժի եզրակացությունը:
Հարցին, թե ի՞նչ է արվել արդեն մորթված խոզերի միսը ու արդյոք վտանգ չի՞ սպառնում մարդկանց կյանքին, Հովհաննես Հակոբյանը պատասխանեց, որ ըստ օրենքի, մսի վաճառքի թույլտվության համար անհրաժեշտ են տեղի անասնաբույժի զննության ու գյուղապետի թույլտվության գրավոր համաձայնությունը, ու, թեեւ, երբեմն խախտվում է օրենքի այս կետը` բնակչության կողմից առանց ստուգման մսի վաճառք կազմակերպվելով, բայց տվյալ դեպքում իրավիճակը վերահսկելի է:



























