Ռուսաստանի իշխանությունն ու ընդդիմությունը նախօրեին ճակատ-ճակատի են տվել ոչ միայն Տրիումֆալնի հրապարակում, այլ նաեւ սոցիալական ցանցերում, որտեղ միմյանց մասին գրում են այն, «ինչ մտածում են»:
Այդ գայթակղությունից չի կարողացել խուսափել նաեւ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով Twitter-ի իր էջում տեղադրել է կրեմլյան ինտերնետ-գաղափարախոս Կոնստանտին Ռիկովի հայհոյանքով լի խոսքն ուղղված նրանց, ովքեր իշխող կուսակցության մասին ասում են «խարդախների ու գողերի կուսակցություն»:
«Այսօր ակնհայտ դարձավ, որ եթե մարդն իր բլոգում գրում է «խարդախների ու գողերի կուսակցություն» արտահայտությունը, նա հիմար ոչխար է.... (այնուհետեւ կոպիտ հայհոյանք է)»,-ասված է Ռիկովի ձայնագրությունում, որը Մեդվեդեւը տեղադրել է իր էջում:
Ընդամենը մի քանի րոպե անց այդ ձայնագրությունը հեռացվել է նախագահի Twitter-ի էջից, սակայն շատ բլոգերներ պահպանել են դրա screen shot-ը, որը տեղադրել են ինտերնետում:
Ռիկովի ձայնագրությունը մի քանի րոպեով Մեդվեդեւի էջում հայտնվելուց հետո, նրա անունը հայտնվել է Twitter-ի համաշխարհային թրենդների մեջ, գրում է Utro.ru-ն:
Նշենք, որ «խարդախների ու գողերի կուսակցություն» արտահայտության հեղինակը Ալեքսեյ Նավալնին է, ով նախօրեին ձերբակալվել է Մոսկվայիում բողոքի ակցիայի ժամանակ, այլ ընդդիմադիրների հետ միասին: Նրանք բողոքում էին անարդար ընտրությունների դեմ: Ձերբակալվածներին սպառնում է 15 օրվա կալանք` «իշխանության ներկայացուցչին չենթարկվելու» համար:



























