Աշխարհի 39 երկրների 106 լրագրողներ այս տարի մահացել են իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ: Նման ցուցանիշներ են այսօր` դեկտեմբերի 19-ին, Ժնեւում հրապարակել է Press Emblem Campaign (PEC) ընկերությունը:
Մասնավորապես, «արաբական գարունը» խլել է 20 լրագրողի կյանք: Կազմակերպության տվյալներով, 2010-ին սպանվել է 105 լրագրող, 2009-ին` 122 լրագրող: Երեք տարի առաջ` 2008-ին, զոհվել է 91 լրագրող, 2007-ին` 115 լրագրող:
PEC-ը առանձնակի շեշտել է, որ 2011-ը դարձել է վտանգավոր մամուլի ներկայացուցիչների համար` կապված արաբական երկրների իրադարձությունների հետ: Բացի 20 զոհվածներից, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում տուժել են եւս հարյուր լրագրող:
Արդեն երկրորդ տարին է, ինչ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը հանդիսանում է Մեքսիկան: Այս տարի Մեքսիկայի տարածքում զոհվել է 12 լրագրող: «Թեժ կենտրոն է եղել նաեւ Պակիստանը, հատկապես Աֆղանստանի հետ սահմանամերձ տարածքը, հենց այդ շրջանում է գրանցվել լրագրողի մահվան 11 դեպք 2011-ի ընթացքում»:
Դրան հաջորդում են Իրաքը եւ Լիբիան, այդ երկրներում սպանվել է 7 մարդ: Ֆիլիպիններում, Բրազիլիայում եւ Հոնդուրասում զոհվել են 6 լրագրող, Եմենում` 5 մարդ, Սոմալիում` 4, Աֆղանստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Պերուում եւ Ռուսաստանում` 3-ական լրագրող յուրաքանչյուր երկրում: Երկու մարդ է սպանվել Բահրեյնում, եւս երկուսը` Թաիլանդում: Դրանով երկրների ցուցակը չի ավարտվում, գրում է «Գազետա.ռու»-ն:


























