Հունվարի 31–ի երեկոյան Մոսկվայի Հաղթանակի հրապարակում ձերբակալել են «Ուրիշ Ռուսաստան»-ի ղեկավար Էդուարդ Լիմոնովին:  Նա մտադիր էր ակցիա կազմակերպել` հանուն ազատ հավաքների անցկացման պաշտպանության:

«Ինձ հաջողվեց հասնել մինչեւ Հաղթանակի հրապարակ: Այնտեղ շատ մարդ կար: Ինձ դուրս բերեցին ամբոխի միջից եւ ձերբակալեցին»,-«Ինտերֆաքս»-ին հեռախոսով հաղորդել է Լիմոնովը, ոստիկանության ավտոմեքենայից:

Նա հայտարարել է, որ իրեն հայտնի է, թե ինչ բաժանմունք է իրեն տեղափոխելու ոստիկանությունը եւ ինչ հոդվածով են իր դեմ արձանագրություն կազմելու:

Լիմոնովից բացի, ձերբակալել են նաեւ «Ստրատեգիա-31» ակցիայի մյուս մասնակիցներին: Ականատեսների խոսքով, ոստիկանները տարել են նաեւ «Ձախ ճակատ»-ի ղեկավար Կոստանդին Կոսյակինին:

Իրավապահ մարմինները պահանջել են մարդկանց չհավաքվել անցումային հատվածներում եւ հիշեցրել են, որ ակցիայի անցկացումը համաձայնեցված չի եղել քաղաքի իշխանությունների հետ եւ անօրինական է:

Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել Հաղթանակի հրապարակում` ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի: Սակայն Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տվել ակցիա կազմակերպել Հաղթանակի հրապարակում եւ առաջարկում են այլ վայրեր, որի հետ «Ստրատեգիա-31»  մասնակիցները չեն համաձայնել: Նրանց նաեւ զգուշացրել են, որ ակցիան անօրինական է, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: