Ռուսաստանն ԱՄՆ-ից Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի որևէ նախագիծ չի ստացել, «Ридус»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Politico-ի հաղորդագրությունը արդեն այս շաբաթ շրջանակային փաստաթղթի շուրջ համաձայնության հնարավորության մասին։
Զախարովան ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն իսկապես որևէ նախաձեռնություն դրսևորեր, դրանք կհաղորդվեին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական հաղորդակցության ուղիներով։ «Ռուսաստանի ԱԳՆ-ն Պետքարտուղարությունից նման բան չի ստացել»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագիրը կարող է համաձայնեցվել բոլոր կողմերի հետ, նոյեմբերի վերջին կամ նույնիսկ «այս շաբաթ»։ Մինչ այդ Axios-ը հայտնել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ միասին, գաղտնի աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի վրա։ Ըստ աղբյուրների՝ այդ փաստաթուղթը ներառում է 28 կետ և բաժանված է չորս բաժնի՝ Ուկրաինայի հարցի կարգավորում, անվտանգության երաշխիքներ, եվրոպական անվտանգություն և Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ։
Politico-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ամերիկյան կողմից վերահսկում է ծրագրի մշակումը, իսկ ռուսական կողմից քննարկումներին մասնակցում է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կլինի Թուրքիա՝ բանակցային գործընթացի հնարավոր ակտիվացմանը նախապատրաստվելու համար։ Reuters-ի աղբյուրները պնդում են, որ Ուիթքոֆը ևս այնտեղ կմեկնի։ ABC-ն իր հերթին հաղորդում է, որ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը նոյեմբերի 19-ին ժամանել է Կիև։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մտադիր է հանդիպել Զելենսկու հետ և քննարկել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հնարավոր վերսկսման հարցը։ Անանուն ամերիկացի պաշտոնյան ևս չի բացառել Դրիսկոլի՝ ռուսական կողմի հետ հանդիպման հնարավորությունը։





























