Դմիտրի Մեդվեդեւը չի ցանկացել խոսել Նիկոլա Սարկոզիի հետ, որը մտադիր է եղել նրա հետ քննարկել սիրիական խնդիրը:
Ֆրանսիայի նախագահը ցանկացել է հեռախոսազրույցում հստակեցնել Մոսկվայի դիրքորոշումը , որը խոչընդոտել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը: «Ես այսօր կզանգահարեմ նախագահ Մեդվեդեւին Սիրիայի հարցով:
Կանցլերի (Մերկելի) թույլտվությամբ ես կխոսեմ մեր ընդհանուր անունից», - փետրվարի 6-ի երեկոյան հայտարարել է Սարկոզին: Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտնել է, որ «նախագահի օրակարգում նման խոսակցություն նախատեսված չէ»:
Ավելի վաղ Մոսկվայի դիրքորոշումից իր հիասթափությունն էր հայտնել ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք ոչ միայն հիասթափված ենք, մենք ցնցված ենք նրանից, որ Սիրիայի բանաձեւը հավանություն չստացավ», - ասել է նա: Ավելի հանգամանալից հայտարարություն նրա անունից արել է Գերմանիայի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Գեորգ Շտրայթերը` Ռուսաստանի եւ Չինաստանի վրա պատասխանատվություն դնելով այն բանի համար, որ Սիրիայում բռնությունը եւ արյունահեղությունը կշարունակվեն առանց միջազգային հանրության միջամտության հնարավորության, գրում է utro.ru-ն:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Ուիլյամ Հեյգը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է սիրիական ժողովրդի շահերի «դավաճանության մեջ»: Իր հերթին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը պատրաստվում է մեկնել Դամասկոս, խորհուրդ են տվել Ասադին պատմել իր դրության անելանելիության մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի երեկոյան Ռուսաստանը եւ Չինաստանը խոչընդոտել են ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը: Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում արյունահեղ բախումները նախագահ Բաշար Ասադի եւ ընդդիմության միջեւ:



























