Փենսիլվանիայի նախկին սենատոր, պահպանողական Ռիք Սանթորումը հաղթել է Մինեսոթա եւ Միսսուրի նահանգների փրայմերիզներում, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Կոլորադոյում:
Ներկա պահին ձայների պաշտոնական հաշվարկը չի ավարտվել, սակայն տեղի լրատվամիջոցները Սանթորումին երեք նահանգներից երկուսում հաղթող են հայտարարել:
Մինեսոթայում եւ Միոսուրիում Սանթորումի հաղթանակն անակնկալ էր եւ հիմնովին փոխեց հանրապետական ներկուսակցական մրցապայքարի դասավորվածությունը, որի առաջատարը մինչ այդ համարվում էր չափավոր պահպանողական, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:
Պաշտոնական տվյալներով` Միսսուրիում հաշվել են ձայների 96%-ը: Սանթորումը հավաքում է 55%, Ռոմնին` 25%, լիբերալիստական ծրագրով կոնգրեսական Ռոն Փոլը` 12%: Մյուս թեկնածուն` պահպանողական-պոպուլիստական Նյութ Գինգրիչը չի մասնակցել այդ նահանգի փրայմերիզին:
Մինեսոթայում հաշվել են ձայների 45%-ը, Սանթորումը հավաքել է 45%, այստեղ երկրորդ տեղում Փոլն է` 27%: Ռոմնին զբաղեցնում է երրորդ տեղը` ձայների 17%-ով: Գինգրիչի օգտին քվեարկել է ընտրողների 11%-ը:
Ներկայիս փրայմերիզների գլխավոր ինտրիգը Կոլորադոյում է: Ձայների 11%-ի հաշվարկից հետո գլխավորում է Ռոմնին, բայց ընդամենը երկու ձայնի առավելությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:




























