ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հրապարակել է մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, որը մնացել էր Վենեսուելայում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պատճառով։

Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Վենեսուելան կվաճառի պատժամիջոցների տակ գտնվող 30-ից 50 միլիոն բարել նավթը, որն ուղիղ կերպով կուղարկվի Միացյալ Նահանգներ՝ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի կողմից անմիջապես իրականացվելիք ծրագրի համաձայն։

«Այս նավթը կվաճառվի շուկայական գնով, և ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ այս գումարը՝ ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին», - ասել է Թրամփը։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հիմնվելով վենեսուելական նավթի վերջին գների վրա, գործարքի գումարը կարող է կազմել մինչև 1,9 միլիարդ դոլար։ Ամերիկացի պաշտոնյաները դեռ պետք է մշակեն վենեսուելական նավթի առգրավման իրավական հիմքերը, թեև ԱՄՆ-ն մեղադրել է վենեսուելական տանկերներին իրանական և վենեսուելական նավթի տեղափոխման ընթացքում ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։

Թրամփը նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ն կօգնի վերականգնել երկրի նավթային ենթակառուցվածքները՝ ի շահ այնպիսի խոշոր նավթային ընկերությունների, ինչպիսիք են Exxon Mobil-ը և ConocoPhillips-ը, որոնք տուժել էին նախկին նախագահ Հուգո Չավեսի կողմից վենեսուելական նավթի ազգայնացման արդյունքում, ինչպես նաև Chevron կորպորացիան, որը շարունակում է գործել այնտեղ։

Ակնկալվում է, որ ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարները Սպիտակ տուն կայցելեն արդեն հինգշաբթի օրը՝ Վենեսուելայում իրականացվելիք ներդրումները քննարկելու համար։ Այս մասին գործակալությանը հայտնել են ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ։