Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, մեղադրվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 142-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարել»), կատարվում է նախաքննություն:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ:

Գյուղապետի խոսքով` ինքը որեւէ տեղ չի փախել, փորձաքննություններ են անում, բայց դեռ իրեն ոստիկանություն չեն կանչել: Նա զրույցի պահին Երեւանից Գորիս ճանապարհին էր, փաստաբանի հետ գնում է Գորիս, որպեսզի իր շահերը պաշտպանի:

Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել:

«Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասաց գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ կուսակցության անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:

Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն էլ NEWS.am-ի թղթակից հետ զրուցում նշեց, որ այդ դեպքի մասին ասեկոսեների մակարդակով լսել է կիրակի օրը եւ երկուշաբթի աշխատանքի գալով` Հարթաշենի դպրոցի տնօրենին հանձնարարել է, որ անկախ նրանից, թե նման բան եղել է, թե` ոչ, այդ ուսուցիչը չպետք է աշխատի դպրոցում: «Ես իրեն ասել եմ, որ եթե նմանատիպ ասեկոսեներ կան, ապա համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկեք: Ես չգիտեմ խոսակցություններն իրականությանը համապատասխանում են, թե` ոչ, բայց այդ մարդը դպրոցում աշխատելու իրավունք չունի: Ազատ Ղուկասյանը չի աշխատելու դպրոցում, նույնիսկ եթե դա չապացուցվի, բարոյական չէ նրա հետագա աշխատանքը դպրոցում: Եթե ինքը աշխատելու է, ուրեմն ես չպիտի աշխատեմ»,- նշեց կրթության վարչության պետ:

Ի դեպ, Լյուդվիգ Հարությունյանը ճանաչում է Ազատ Ղուկասյանին` որպես «կռված տղա», ազատամարտիկ է, եւ երբեւէ վատ  բան չի լսել նրա մասին:

Նշենք, որ «Հետք» լրատվական կայքը փետրվարի 27-ին «Գյուղապետը աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդող Ազատ Ղուկասյանը չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ», իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն: «Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը` մանրամասնելով, թե գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ Ազատը ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:

«Հետքի» տեղեկություններով՝  առաջին անգամը չէ, որ Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ:

Լուսանկարը` «Հետքի»