Վերջին օրերին գրքերի հրատարակչությամբ ու վաճառքով զբաղվողները, ինչպես նաեւ մի քանի գրողներ բողոքում են ավելացված արժեքի հարկի մասին օրենքում կատարված այն փոփոխության դեմ, որով փոխվել է հարկի հաշվարկման մեխանիզմը: Դա իր հերթին հանգեցնում է գրախանութների կողմից հարկային վճարումների անխուսափելի ավելացման:

Երկու ասոցիացիաներ` հրատարակիչների եւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաները պաշտոնապես դիմել են կառավարությանը` առաջարկելով չեղյալ համարել այդ օրենքը, կամ էլ ստիպված կլինեն գրքերը թանկացնել, ինչը կործանարար է այդ բիզնեսի համար: Իսկ հաշվի առնելով, որ ներկայում ամենաշատը գիրք գնում են ուսանողները` սա նաեւ սոցիալական ենթատեքստ է ձեռք բերում: NEWS.am-ն այս հարցով պարզաբանումներ խնդրեց 2 ասոցիացիաների ղեկավարներից` Խաչիկ Վարդանյանից (Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի ղեկավար, «Գրքերի աշխարհ» գրախանութի հիմնադիր տնօրեն) եւ Վահան Խաչատրյանից (Հրատարակիչների ազգային ասոցիացիայի տնօրեն):

Հիշեցնենք` 2011 թ. դեկտեմբերի 6-ին, հարկային փաթեթի շրջանակներում, ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է օրինագիծ, որով կոմիսիոն հիմունքներով վաճառքի դեպքում ԱԱՀ-ը հաշվարկվում է ոչ թե կոմիսիոն գումարից, այլ վաճառքի գնից: Այս ձեւով հաշվարկի դեպքում ԱԱՀ-ի գումարը ավելի մեծ է ստացվում, թեեւ տոկոսադրույքը չի փոխվում: Իսկ քանի որ հարկը մեծանում է` վաճառողները լրացուցիչ պահանջ են ներկայացնում գրքի մատակարարին (տիրոջը), կամ էլ գիրքը թանկացնում են այնչափ, որ հարկի բարձրացումից չտուժեն:

Գրքերի բիզնեսում կոմիսիոն առեւտուրը ամենատարածվածն է: Գրողը կամ հրատարակիչը գիրքը հանձնում են խանութին վաճառելու նպատակով, սակայն մինչ վաճառքը մնում են գրքի սեփականատերը: Խանութն իր հերթին գրքի տիրոջ գնի նկատմամբ կիրառում է 25 կամ 30 տոկոս հավելավճար (կոմիսիոն), որի նկատմամբ էլ նախկինում հաշվարկում էր ավելացված արժեքի հարկ:

Ասոցիացիաների ղեկավարների պարզաբանումներից պարզ դարձավ, որ գրքերի թանկացում առայժմ չի կատարվել: Սակայն «Գրքերի աշխարհը» հիմնականում դադարեցրել է կոմիսիոն հիմունքներով գրքերի ընդունումը: Ըստ Խ. Վարդանյանի` միայն մեկ գիրք են ընդունել կոմիսիոն հիմունքներով, որն էլ թանկացրել են ընդամենը 400 դրամով, քանի որ գրքի սեփականատերը համաձայնել է էժանացնել գիրքը (դա բուհերի համար նախատեսված «Միջազգային իրավունք» դասագիրքն է): Հիմա պարզապես սպասում են, որ հարցը կարգավորվի, իսկ դրա համար անհրաժեշտ է ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի պաշտոնական պարզաբանում:

Ի դեպ` աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ հարկային տեսուչները կանչել են գրախանութների հաշվապահներին ու պահանջել, որ հարկերը հաշվարկեն «նոր ձեւով»: Ուստի ֆինանսների նախարարի այսօր կառավարության նիստում հնչեցրած այն հայտարարությունը, թե որեւէ նոր հարկային բեռ չի ավելացել, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Եթե այս աղմուկը չլիներ` գրահրատարակիչներն ու գրախանութները ստիպված էին լինելու իսկապես էլ թանկացնել գիրքը:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Երեւանում գործում են մոտ 43 մեծ ու փոքր գրախանութներ:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը