Թերթը գրում է, որ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարդիկ փորձում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: «Բանն այն է, որ Պարոնյան փողոցի վրա գտնվող ԵԿՄ Կենտրոնի կազմակերպության գրասենյակի տարածքի մի մասում շարունակում են հավաքվել Գյումրյանի մարդիկ, իսկ մյուս մասում` բաժանմունքի նոր ղեկավարն ու անդամները: Ըստ Գյումրյանի, ԵԿՄ այդ նոր անդամները մեքենա են կանգնեցրել իրենց մուտքի դիմաց, այդպիսով փակել են մուտքը` թույլ չտալով, որ իր համախոհները շենք մտնեն: Նախկին ԵԿՄ-ականները, սակայն, կոնֆլիկտ չեն հրահրել եւ հեռացել են: Իսկ նորերը հավաքվել են ու ինչ-որ փաստաթղթեր բերել` լրագրողներին ապացուցելու նպատակով, որ Արտաշես Գյումրյանը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, եւ որ կառույցին տրամադրված գումարները նպատակին չեն ծառայել: Լարվածությունը «Երկրապահում» շարունակվում է: Մեր տեղեկություններով, առաջիկայում այդ կառույցից էլի մարդիկ են դուրս գալու»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: