«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրի մարզում ներդրումային ծրագիր է սկսել, որը կօգնի մասամբ լուծել մարզում գործազրկության խնդիրը, միաժամանակ դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի պահպանության վրա։ Այս մասին լրագրողներին հայտնեց հիմնադրամի խորհրդի ատենապետ Կարո Արմենը։ Ըստ նրա՝ մարզում կհիմնվի գործվածքի բազմակի օգտագործման ֆաբրիկա, որի արտադրանքը կսպառեն հիմնականում սուպերմարկետները։ Կ. Արմենի խոսքով՝ արդեն 1000 տոպրակի պատվեր կա։ «Պոլիէթիլենային տոպրակները բնության մեջ չեն քայքայվում, այլ վերածվում են թունավոր փոշու, որը հետագայում անցնում է սնունդի մեջ, եւ բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ դառնում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում արդեն պոլիէթիլենային տոպրակների խնդիր կա. աղբանոցները լի են դրանցով։ Կ. Արմենի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու, ինչքան ավելանան բազմակի օգտագործման տոպրակների պատվերները, այնքան կավելանան աշխատատեղերը։ Արմավիրից բացի, հիմնադրամը նախատեսում է ֆաբրիկաներ բացել նաեւ այլ մարզերում։ Ծրագրին ֆինանսական աջակցություն է ցույց տվել HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը՝ տրամադրելով 25.000 դոլար դրամաշնորհ։