Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը եւ փոփ երգիչ Սիլը ամուսնալուծվում են:

Հայդին ամուսնալուծության հայցը ներկայացրել է Լոս Անջելեսի դատարան, իսկ որպես պատճառ նշել է  «անհաղթահարելի» տարաձայնությունները: Քլումը խնդրում է, որպեսզի ամուսնալուծությունից հետո երեխաները բնակվեն իր հետ, իսկ նախկին ամուսինն իրավունք ունենա ցանկացած ժամանակ նրանց այցելելու:

Սիլն ու Քլումը չորս երեխա ունեն` յոթնամյա Հելենը (Լենի), վեցամյա Հենրին, հնգամյա Յոհանը եւ երկամյա Լուն: Հելենի կենսաբանական հայրը Քլումի նախկին ընկեր, իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեն է, AP-ին հղում անելով հաղորդում է Lenta.ru-ն:

Հայդի Քլումը եւ Սիլը սկսել են հանդիպել 2003թ.: 2005թ. մայիսին զույգն ամուսնացել է: Սուպերմոդելն ու փոփ երգիչը աստղային կյանքի մշտական հերոսներից էին եւ հանրությանը ջանասիրաբար տեղեկացնում էին իրենց անձնական կյանքի մանրամասները: Ամուսնալուծվելու մտադրության մասին Սիլը եւ Քլումը հայտարարել էին 2012թ. հունվարի վերջին` հրաժարվելով այն որեւէ կերպ մեկնաբանելուց: