«Մետաղների շուկայում թանկացումները սպեկուլյատիվ գործողություններով են պայմանավորված, եւ որոշ ժամանակ անց գների անկում կարձանագրվի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց GeoProMining ընկերության նախագահ Ռոման Խուդոլին` ավելացնելով, որ տարբեր հիմնադրամներ այժմ ազատ դրամական միջոցներ ունեն եւ շտապում են ներդրումներ կատարել վստահելի միջոցներում: «Մետաղների շուկայում ընդհանուր առմամբ երկու հիմնական խաղացողներ կան: Առաջինը Չինաստանն է, որը ռեսուրսներ է ձեռք բերում, իսկ հաջորդը հիմնադրամներն են, որոնք ազատ միջոցներ ունեն»,- ասաց նա` նկատելով, որ մետաղի առեւտրով զբաղվողները չէին սպասում ճգնաժամի ընթացքում գների նման աճ:
Ըստ նրա` դոլարի արժեզրկման թաքնված միտում կա, այդ իսկ պատճառով վերջերս հաճախակիացել են նոր պահուստային արժույթ ստեղծելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով` որոշ երկրներ արտարժույթի ռեզերվները փոխարինում են եվրոյով, Ռուսաստանն ու Ղազախստանն արդեն սկսել են ռուբլի կուտակել: «Այս պարագայում Չինաստանի գործողությունները տրամաբանական են: Այդ երկիրը հսկայական դոլարային պաշարներ ունի, եւ այժմ մետաղի պաշարներ է կուտակում: Չինաստանը նախկինում եւս նման քայլերի դիմել էր, բայց այժմ ակտիվացրել է գործողությունները»,- ասաց Խուդոլին` ավելացնելով, որ մետաղների շուկայում հիմնական գնորդը հենց Չինաստանն է: «Մետաղի վաճառքով զբաղվողներն այժմ մեկ խնդիր ունեն՝ ինչպես վաճառել մետաղը։ Իսկ շուկան այսօր շատ սահմանափակ է, միակ իրական գնորդը, կարելի է ասել, որ Չինաստանն է»,- ասաց ընկերության նախագահը:
Ըստ նրա` ճգնաժամն այս ոլորտի համար դեռ չի ավարտվել, եւ հատկապես թանկարժեք մետաղների գների աճը չի նշանակում, որ դրանց նկատմամբ պահանջարկն իրականում վերականգնվել է: Խոսելով ոսկու գների աճի մասին` նա նշեց, որ յուրաքանչյուր բարդ տնտեսական իրավիճակում ներդրողները ոսկին դիտարկում են, որպես միջոցների պահպանման լավագույն միջոց, եւ ոսկի են սկսում գնել: «Եթե նայենք ոսկերչական շուկային, որտեղ հիմնական խաղացողները Եվրոպան եւ Հնդկաստանն են, ապա այդ շուկաներում լուրջ անկում է արձանագրվել եւ մինչեւ այսօր այն չի վերականգնվել, այսինքն` պարզ է, որ այս դեպքում ներդրողները ոսկին որպես պահեստային միջոց են դիտարկում, բայց խոսել այն մասին, որ ճգնաժամն անցել է եւ այդ պատճառով է ոսկին թանկանում՝ չի կարելի»,- ասաց նա` ավելացնելով, որ ճգնաժամը կանցնի այն ժամանակ, երբ վերականգնվի իրական պահանջարկը, իսկ այն դեռ չի վերականգնվել:
Խոդուլինի խոսքով` այն ինչ այժմ կատարվում է ոսկու շուկայում, վկայում է, որ ներդրողները ճգնաժամի նոր ալիքի են սպասում եւ իրենց դրամական միջոցները արագորեն ոսկու են վերածում, որը միշտ ավելի կայուն միջոց է դիտարկվել: «Երբ համաշխարհային տնտեսությունը սկսի վերականգնվել, ոսկու գինը հավանաբար կսկսի նվազել»,- եզրափակեց GeoPromining ընկերության նախագահը:




























