Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Այս անգամ նրա դեմ հայց են ներկայացրել ծեծի ենթարկելու համար:
Աղջիկը, որի անունը չի հայտնվում, օրերս ոստիկանությանը հայց է ներկայացրելԱրեւմտյան Հոլիվուդի դատարան, որում ասվում է, որ Լոհանն իրեն մարմնական վնասվածք է հասցրել բարերից մեկում: Տուժածի խոսքով` դերասանուհին ընկերների հետ բարում նստած է եղել, անծանոթուհին սկսել է սեթեւեթել Լինդսիի ընկերներից մեկի հետ, ինչն այնքան էլ դուր չի եկել դերասանուհուն: Արդյունքում վեճ է բռնկվել, որի արդյունքում ԼիԼոն ծեծել է աղջկան, հաղորդում է gazeta.ru-ն:
Լոհանի ներկայացուցիչ Սթիվ Հոնիգը միանգամայն վստահ է, որ տվյալ հայտարարությունը հերյուրանք է. «Դա եւս մեկ օրինակն է այն բանի, թե ինչպես են մարդիկ փորձում փող պոկել կամ փառքի 15 րոպե վաստակել, կամ էլ ե'ւ մեկը, ե'ւ մյուսը:
Մեղադրանքներում ոչ մի ճշմարտություն չկա, քանի որ այդ ժամանակ Լինդսին տանն է եղել եւ հեռուստացույց դիտել»:
Այդ միջադեպը, ինչպես հայտնում է dni.ru-ն, կարող է բավականին թանկ արժենալ հոլիվուդյան հռչակավոր աստղին: Բանն այն է, որ մարտի վերջին Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը վճռել էր դադարեցնել փորձնաժամկետը եւ դրա հետ կապված բոլոր պատիժները: Դատավոր Սթեֆանի Սաութները հայտնել էր, որ Լինդսի Լոհանն անցել է փորձությունը, այժմ բոլոր արգելքները հանված են եւ դերասանուհին այլեւս պարտավոր չէ ներկայանալ դատարան: Սակայն դատավորը նշել էր, որ եթե Լինդսի Լոհանը չխախտի օրենքը, նրա գործի բոլոր իրավաբանական կողմերը կփակվեն 2014 թվականի մայիսին:




























