«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, աղետի գոտում իրականացնելով բնակարանաշինության պետական ծրագիր, Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում իրականացնում է լայնամասշտաբ բնակարանաշինություն:

Ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. կառուցվել է 1056 բնակարան Գյումրիում, 520 բնակելի տուն Սպիտակում եւ գյուղական համայնքներում: Ընկերությունը դեկտեմբերի 5-ին լրագրողների այց է կազմակերպել Գյումրիի մեծ շինհրապարակ, որտեղ արդեն 22 շենք է կառուցված, կատարվում են տարածքի բարեկարգման եւ կառուցապատման աշխատանքները: Շենքերն առնվազն 9 բալ սեյսմակայունության են: 22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը վերջին փուլում են: Տանիքները եւ ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն իր աշխատանքի այս արդյունքներն է հակադրում ի պատասխան իրենց գործունեությունը արդարացնելու կամ ինքնահաստատման փորձ անող («Ասպարեզ», «Ժառանգություն») կազմակերպությունների ու կուսակցությունների` ծրագրի իբր չկատարման մասին անպտուղ հայտարարությունների",- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Ասպարեզ» ակումբը հայտարարել էր, թե «դեկտեմբերի 4-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասի շինարարական հրապարակում աշխատանքները կատարված են 40-60 տոկոսով: Թեպետ կանգուն են մոտ 20 քառահարկ շենք, ինչը լավագույն դեպքում կարող է 600-700 բնակարան կազմել, դրանց կեսի կտուրները դեռ չկան, պատերն ու ծածկերն են միայն, դրանք դեռեւս ներքին հարդարում չունեն, բակերն ու բակային ճանապարհները դեռեւս չկան՝ որպես այդպիսիք, դրանք շինհրապարակներ են դեռ, եւ 5-6 շենք է, որ դուռ եւ պատուհան են կրում: Հաշվի առնելով Շիրակի դաշտի բնակլիմայական պայմանները, մինչեւ տարեվերջ կարող են ավարտուն տեսք ստանալ խոստացված բնակարաններից հազիվ 250-ը»: