Բրիտանացի արքայազն Ուիլյամի կնոջ փոքր քույր Պիպպա Միդլթոնը հայտնվել է սկանդալային պատմության մեջ, որը նրա համար կարող է ավարտվել ձերբակալությամբ:
The Daily Mail-ի տեղեկացմամբ, Փարիզի ոստիկանությունում նկարներ են հայտնվել, որոնցում 27-ամյա կինը գտնվում է ավտոմեքենայում` տղամարդու հետ, որի ձեռքին կիսաավտոմատ ատրճանակ կա:
Ապրիլի 14-ին արված լուսանկարներում պարզ երեւում է, թե ինչպես է Audi-ի վարորդը մոպեդի ղեկին գտնվող լուսանկարչի վրա ատրճանակ կամ նման մի բան պահել: Մեքենայում է գտնվել նաեւ նորաաձեւության գործակալ Արթուր դը Սուլտրեն:
Եթե Պիպպա Միդլթոնի ուղեկցի ատրճանակը իսկական լինի, դեպքի բոլոր մասնակիցներին մինչեւ յոթ տարվա ազատազրկում կսպառնա: Բայց եթե անգամ ատրճանակը խաղալիք եղած լինի, նրանք կարող են դատապարտվել մինչեւ երկու տարվա ազատազրկման:
Միաժամանակ, ինչպես հաղորդել է Արթուր դը Սուլտրեի մտերիմ ընկերը, երիտասարդները խիստ մտահոգված են կատարվածի կապակցությամբ:
Մամուլում նորանոր մանրամասներ են հայտնվում փարիզյան այն խնջույքի մասին, որտեղ այցելել էր Պիպպա Միդլթոնը դեպքից քիչ առաջ:
Արթուր դը Սուլտրեի 29-ամյակին նվիրված միջոցառումը անց էր կացվում գիշերային ակումբի վերրածված թատրոնում: Այդ երեկո Լյուդովիկոս XIV-ի եւ Մարիա Անտուանետայի ոճի երեկույթի մասնակցում էր շուրջ 300 մարդ` դիմակահանդեսային հանդերձներով: Նրանց թվում եղել է նաեւ կարդինալ, բայց նրա ձեռքին աստվածաշնչի փոխարեն կամասուտրան էր, հաղորդում է NEWSru.com-ը:
Հյուրերին սպասարկել են երեք գաճաճներ: Իսկ վերջում տոնական տորթից դուրս է եկել կրակ կուլ տվող մերկապարուհին, որը պարել է «Աստված, պահպանիր թագուհուն» երգի ռեմիքսի տակ:




























