Մեծ Բրիտանիայի Mullock`s աճուրդի տանը վաճառել են Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից եւ գաղափարաբաններից մեկի` Մահաթմա Գանդիի իրերը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, աճուրդի են դրվել նրա կլոր ակնոցը, նամակները, հուջարաթի լեզվով աղոթագիրքը եւ ճախարակը, որը անկախության համար ոչ բռնի պայքարի խորհրդանիշն էր: Ամենաարժեքավոր լոտերից էր նրա տան դիմացի հողը, որի վրա 1948թ. հունվարի 30-ին սպանվել էր առաջնորդը:
Ինչպես տեղեկացնում է «Միրը», արյունոտված հողով եւ խոտերով արկղիկը վաճառվել է 10 հազար ֆունտով (16 հազար դոլար):
Լոնդոնում ուսանելու տարիներին 1890թ. Գանդիի գնած ակնոցը վաճառվել է 34 հազար ֆունտով (մոտ 54 հազար դոլար), ինչը գրեթե երեք անգամ գերազանցել է կազմակերպիչների ակնկալիքները: Գանդիի Ճախարակը վաճառվել է 26,5 հազար ֆունտով: Աղոթագիրքը վաճառվել է 10,5 հազար ֆունտով: Նշվում է, որ աղոթագիրքը, ճախարակը եւ ակնոցը միեւնույն անձն է գնել, որը աճուրդին հեռախոսով է մասնակցել:
Բացի այդ, վաճառվել են Գանդիի նամակները` գրված անգլերենով եւ հուջարաթիով, նաեւ` մի շարք լուսանկարներ: Ընդհանուր հաշվով, աճուրդում ավելի քան 100 հազար ֆունտ (շուրջ160 հազար դոլար) եկամուտ է ստացվել:




























