Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունն այսօր` ապրիլի 18-ին, հայտարարել է, որ իշխանությունները պետք է անմիջապես ամբողջական հետաքննեն Հայաստանի Վանաձոր քաղաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի նկատմամբ հարձակումը:
Human Rights Watch-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել հաջորդ օրը չորս կարճամետրաժ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը: Ամբոխը քարեր եւ ձվեր է շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել է գրասենյակի պատուհանները, եւ սպառնացել է անձնակազմին, այլ բռնություններ կիրառել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Խումբը ցրվել է միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ ղեկավարությունը խոստացել է չցուցադրել ֆիլմերը»:
«Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության պատմությունը նշանակում է, որ ադրբեջանական ֆիլմը հակասական է որոշ մարդկանց համար, սակայն դա չի արդարացնում դրանց չցուցադրելը, առավել եւս սպառնալիքները կամ բռնության կիրառումը», - նշում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գիորգի Գոգիան: «Իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը եւ երաշխավորեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը»:
Հայաստանը եւ Ադրբեջանը յոթնամյա պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի համար, որը Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող, հիմնականում հայերով բնակեցված, ինքնավար մարզ էր: Չնայած 1994 թ. հրադադարին, հակամարտությունը դեռ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համաձայնել է տրամադրել իր տարածքը վստահության ձեւավորման ծրագրեր իրականացնող Խաղաղասիրական նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին, որը պլանավորել էր ադրբեջանական կինոգործիչների չորս կարճամետրաժ ֆիլմ ներկայացնել ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Տասնյակ տեղական հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական կուսակցություններ հայտարարություն են տարածել ապրիլի 14-ին, որով կոչ են արել հանրությանը բողոքել ֆիլմերի փառատոնի դեմ եւ կանխել դրա անցկացումը: Փառատոնի կազմակերպիչների կողմից սա ֆիլմերը ցուցադրելու երկրորդ փորձն էր: Նրանք փորձել էին շարունակել փառատոնը ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում, սակայն չեղյալ էին հայտարարել հանրային բողոքի պատճառով:
Ապրիլի 16-ի առավոտյան մոտ 200 անձ, ներառյալ ուսանողներ, նախկին ազատամարտիկներ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Վանաձորի կենտրոնում եւ երթով շարժվել են դեպի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ըստ որոշ վկաների, ցուցարարներն առաջնորդվել են Երկրապահ կամավորականների միության կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձել է բանակցել ամբոխի հետ եւ թույլատրել է բողոքի ցույցի կազմակերպիչներին մտնել գրասենյակ՝ քննարկելու խմբի պահանջները: Սակայն ցույցի բազմաթիվ մասնակիցներ նույնպես ներս են մտել եւ սպառնացել ջարդել սարքավորումները եւ գույքը, եթե կազմակերպությունը չհրաժարվեր ֆիլմերը ցուցադրելուց: Դրսում հավաքված ցուցարարները բացականչել են «դավաճաններ, ամոթ եւ թուրքեր»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ֆիլմերի ցուցադրումը հետաձգվել է, սակայն ամբոխը պահանջել է այն ընդհանրապես չեղյալ հայտարարել եւ սկսել է ձվեր եւ քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ: Նրանք ջարդել են մի քանի պատուհաններ եւ քարերից մեկը հարվածել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջել են, որ Սաքունցը չեղյալ հայտարարի ֆիլմերի փառատոնը, այլապես հետագա բռնության կենթարկվի: Երբ ակցիայի կազմակերպիչներն ասել են, որ այլեւս չեն կարող կառավարել զայրացած ամբոխին, նա տեղի է տվել սպառնալիքներին եւ չեղյալ է հայտարարել ֆիլմերի ցուցադրումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակում: Կարճ ժամանակ անց ամբոխը ցրվել է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զանգահարել է ոստիկանություն, երբ ամբոխը հավաքվել է գրասենյակի մոտ, սակայն ոստիկանությունը ժամանել է միայն ակցիայի ավարտից հետո: Ականատեսի վկայությամբ, ակցիայի ընթացքում առնվազն չորս ոստիկաններ են եղել գրասենյակի մոտ, բայց նրանք չեն միջամտել՝ կանխելու հարձակումները:
Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ, որը երաշխավորում է արտահայտման ազատության իրավունքը: Խոսքի ազատության իրավունքի պաշտպանության եւ հարգելու առումով՝ կառավարությունը պարտավոր է ոչ միայն հրաժարվել խոսքի գրաքննությունից, այլեւ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մարդկանց արտահայտման ազատության իրավունքը այլ անձանց կողմից խախտվելուց:
«Ադրբեջանական ֆիլմարտադրողի ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է վրդովեցնել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», - նշում է Գոգիան,- «Իշխանությունները պետք է ցույց տան իրենց պատրաստակամությունը պաշտպանելու ազատ խոսքը եւ երաշխավորելու անվտանգ պայմաններ՝ ֆիլմերի հետագա ցուցադրության համար»:



























