Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 24-րդ բաժնի աշխատակիցներն Արագածոտնի մարզում օրերս բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վեց դեպք:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարբի գյուղի բնակիչ Գուրգեն Նազարեթյանը եւ Աշտարակի բնակիչ Հակոբ Պողոսյանը զբաղվում են սառնարանային տնտեսությունում խնձորի պահեստավորման համար վարձավճարային ծառայությունների մատուցմամբ: Պարզվել է նաեւ, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Կարապետ Սիմոնյանն, առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է մետաղամշակման աշխատանքներով, իսկ նույն քաղաքի մեկ այլ բնակիչ Արտակ Ղալաչյանը Ներես Աշտարակեցիի-3 հասցեում գտնվող շինությունը տրամադրել է բնակչությանը` միջոցառումներ իրականացնելու համար: Արագավան գյուղի բնակիչ Մանվել Հովհաննիսյանն առանց համապատասխան պետական գրանցման, զբաղվել է ավտոտեխսպասարկաման ծառայությունների մատուցմամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Աշտարակի բնակիչ Արա Ղուշչյանն իրականացնում է առանց ակցիզային դրոշմանիշների ոգելից խմիչքի վաճառք:
Նշված փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր, իսկ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

























