Հայաստանի ոստիկանությունը իրավական ընթացակարգերի շրջանակներում ուսումնասիրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեմ բողոքի ակցիայի եւ դրա մասնակիցների կողմից հարձակման բոլոր հանգամանքները եւ արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունն այլ առիթներով բազմիցս նշել է, որ ենթադրյալ իրավունքների իրականացումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն: Առավել եւս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով:

«Այդ առնչությամբ սույն թվականի ապրիլի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հիշատակված կարծիքներն էական մասով համընկնում են ՀՀ ոստիկանության վերը հիշատակված հայտարարությունների տրամաբանության հետ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իր գոհունակությունն է հայտնում քաղաքացիական հասարակության կարեւոր բաղադրիչներ հանդիսացող կազմակերպությունների դիրքորոշումների հստակեցման կապակցությամբ եւ պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ` ապրիլի 16-ին, տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ պարզաբանման նպատակով:

ՀՀ ոստիկանությունը ակնկալում է, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հանգել գործելակերպի այնպիսի ճշտումների, որը կնպաստի նման բնույթի բոլոր, այլ ոչ թե միայն հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողությունների կանխարգելմանը:

ՀՀ ոստիկանությունը  եւս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում սերտորեն համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, միեւնույն ժամանակ ակնկալելով, որ նրանք ոչ միայն հասարակական կազմակերպությունների օրինական շահերը շոշափող, այլ  նաեւ այլ առիթներով անցկացվող հավաքների առնչությամբ պատշաճ մակարդակով կկարեւորեն դրանք «Հավաքների ազատության» մասին օրենքին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու հանգամանքը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով:

Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին եւ վնասել կազմակերպության գույքը: Դրսում հավաքված անձինք ձվեր եւ քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ, ինչի պատճառով կոտրվել են գրասենյակի պատուհանների ապակիները եւ մարմնական վնասվածք է ստացել կազմակերպության մեկ աշխատակից: Այս կապակցությամբ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ պահանջել են պատասխանատվության ենթարկել օրինախախտ քաղաքացիներին եւ ակցիայի պահին անգործություն ցուցաբերած ոստիկաններին: