«Նարեկացի» արվեստի միության երեւանյան սրահում վաղը՝ ապրիլի 20-ին` ժամը 17:00-ին, տեղի կունենա հասարակական համերաշխության միտված «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» ակցիան: NEWS.am-ին «Նարեկացի» արվետսի միությունից հայտնեցին, որ ակցիայի օրը «Նարեկացի» արվեստի միությունը մեկ անվասայլակ եւ մեկ քայլակ է նվիրելու ողնաշարային վնասվածքով տառապող հաշմանդամ երկու արվեստագետի, ինչպես նաեւ գրենական ու նկարչական  պիտույքների մեծ փաթեթ՝ «Հույսի կամուրջ». «Փրկություն», «Ծիլ Բուսաց», «Շող», «Ունիսոն» հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին եւ Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնին: «Զիգզագ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նվիրաբերել է եւ միջոցառման օրը հաշմանդամություն ունեցող արվեստագետների կհանձնի 4 անվասայլակ եւ 4 հենակ: Գործարար Անդրանիկ Պողոսյանը տրամադրել է տեխնիկական մեծ հնարավորություններով օժտված թանկարժեք էլեկտրական անվասայլակ, որը կհանձնվի ողնաշարային լուրջ հիվանդությամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին: Անհատ Լաուրա Էլբակյանի անունից մեկ անվասայլակ կհանձնվի Հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական կենտրոնում սովորող արվեստագետ Համեստ Մկրտչյանին: Իսկ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը տրամադրել է 2 հենակ եւ նկարչական-գրենական պիտույքներ, որ կհատկացվեն  «Ծիլ Բուսաց» մանկական ներդաշնակ զարգացման կենտրոնին: Միջոցառմանը սպասվում է համերգային ելույթներ, քանդակի եւ գեղանկարի ցուցադրություն:

«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» գալահանդեսի համերգային բաժնի մուտքը հրավիրատոմսերով է, իսկ ցուցահանդեսինը` ազատ: Այն բաց կլինի մինչեւ ապրիլի 30-ը:

Նշենք, որ  միջոցառմանը, մասնակցության ցանկություն են հայտնել  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը տիկնոջ հետ, Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն, Լիբանանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլահը, Ֆրանսիայի դեսպանության համագործակցության եւ մշակույթի հարցերով խորհրդական Ֆաբիան Նեյրան, բազմաթիվ արվեստագետներ, հասարակական գործիչներ, գործարարներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: