«Մեր հանձնաժողովը աշխատում է մշակել մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի պետբյուջեից մեզ տրամադրված գումարները ճիշտ բաշխել անապահով խավի մարդկանց շրջանում»,- դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նշելով, որ իրենք նպատակ ունեն պետպատվերի շրջանակներում բուժվող մարդկանց պաշտպանել ինչ-ինչ չարաշահումներից եւ անել ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց պաշտպանված զգան, Ա. Բաբլոյանը նկատեց, որ պետք է ավելի հետեւողական լինել եւ առավել մեծ ուշադրությամբ հետամուտ լինել սոցիալական խավերի ստուգման հարցերին, ինչը հնարավորություն կընձեռի կեղծ կարիքավորների կրճատման հաշվին էապես բարելավել իսկապես կարիքավոր մարդկանց պետպատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների մակարդակը։




























