Գրողների համահայկական վեցերորդ համաժողովի բացման արարողությանը, ապրիլի 20-ին, ուղերձ է գղել Գարեգին Բ կաթողիկոսը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ:

Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, եւ քաղաքամայր Երեւանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում` քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները եւ գրական գործունեությունը առավել արդյունավորելու ծրագրերը: Համաժողովի հրավիրումը նաեւ բարեպատեհ առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ եւ ամրապնդելու ոգին` ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը:

Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարեւոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի ու երազանքների վսեմ դրսեւորումները` ընթերցողներին բերելով քաջալերությունը դժվարությունների դիմագրավման եւ բարօր ու լուսավոր ապագայի կերտման: Գրողը իր վեհ գաղափարներով առաջնորդող է դառնում հասարակության, ձեւավորում ներաշխարհ ու համընդհանուր մտածողություն, լինում անհատի ու իրականության բարեփոխման ներշնչող օրինակ: Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին` մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ:

Աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը եւ մշակույթի ու գրականության նվիրյալների ջանքերը` ի սեր մեր լուսավոր գալիքի»: