Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման այսօր` ապրիլի 20-ին այցելել են Արարատ քաղաք՝ ծանոթանալու թափոնների հավաքման եւ վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի գործունեությանը, որի շրջանակներում վերջերս քաղաքում պլաստիկ թափոնների 60 աղբաման են տեղադրվել:
Գերչեւան եւ Չիման նաեւ ազդարարել են հանրային իրազեկման տեղական քարոզարշավի մեկնարկը, որը ներառում էր շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված բաց դասեր Արարատի երկու կենտրոնական դպրոցներում:
Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող խնդիրներին համապարփակ լուծում տալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն եւ ՄԱԶԾ-ն 2011թ. մարտին մեկնարկել են համատեղ նախաձեռնություն՝ Պլաստիկ թափոնների հավաքման եւ վերաօգտագործման (ՊԹՀՎ) ծրագիր, որի նպատակն էր բարելավել խմելու ջրի աղբյուրների որակը Հայաստանում, խթանելով պլաստիկ տարաների հավաքումը եւ վերամշակումը, ինչպես նաեւ գրավիչ պայմաններ ստեղծել Հայաստանի մասնավոր հատվածի համար ներդրումներ կատարելու պլաստիկ թափոնների բարձր մակարդակով վերամշակման ոլորտում: Մինչ 2011թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, Վանաձոր, Հրազդան, Ալավերդի, Սեւան, Ծաղկաձոր, Արարատ, Չարենցավան եւ Դիլիջան քաղաքներում տեղադրվել է 600 հատուկ աղբաման եւ դրանց տեղադրումից հետո արդեն իսկ հավաքվել եւ վերամշակման է ուղարկվել պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) պարունակող շուրջ 30 տոննա թափոն: Նախատեսվում է, որ մինչեւ 2012թ. հունիս ծրագիրը հավելյալ 300 աղբաման կտեղադրի Արարատ, Արտաշատ, Աշտարակ, Էջմիածին եւ Արմավիր քաղաքներում:
«Նախաձեռնության հիմնական նպատակն է ստեղծել խթանող պայմաններ հայաստանյան մասնավոր հատվածի համար՝ ներդրումներ կատարելու ՊԷՏ թափոնների բարձր մակարդակով վերամշակման գործում: Այս թունավոր նյութի պատշաճ կառավարումը եւ վերամշակումը հրատապ է ոչ միայն շրջակա միջավայրի առումով, այլեւ պարունակում է ներկայումս չիրացված տնտեսական օգուտների ստացման էական ներուժ»,-նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Իշխանությունների եւ համայնքների բնակչության կողմից հետաքրքրվածության եւ աջակցության արդյունքների հիման վրա՝ ծրագիրը պլանավորում է ընդլայնվել Հայաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Երեւանում, որտեղ ամեն տարի դեռեւս 3,000 տոննա ՊԷՏ թափոն է նետվում աղբանոց:



























