Այսօր` ապրիլի 20-ին, ասուլիսում ներկայացվել է «Երկրի օր-2012» քարոզարշավի առանցքային ծրագրերը, քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառման` ծառատունկի մանրամասները: Ասուլիսին ներկա են եղել քարոզարշավի կազմակերպիչ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը եւ նախաձեռնության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ:
Ըստ այդմ, այս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում: Այստեղ է գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Երկրի օր» քարոզարշավի շրջանակում այդ տարածքի ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին նախատեսվում են անտառստեղծման աշխատանքներ իրականացնել (մանրամասները կցված են):
«Ամբողջ աշխարհում Երկրի օրը նշվում է ապրիլի 22-ին, սակայն մենք այս տոնը նշելու համար միջոցառումներին մի ամբողջ ամիս ենք հատկացրել ապրիլի 1-ից 30-ը, քանի որ համոզված ենք, որ այս տոնի կարիքը մեր երկրիը ավելի շատ ունի»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը:
«Հայաստանը փոքր երկիր է` սահմանափակ բնական ռեսուրսներով, եւ այդ սակավաթիվ ռեսուրսների պահպանությունը եւ ճիշտ տնօրինումը երկրի համար կենսական խնդիրներ են: Այդ պատճառով անհրաժեշտ է ընդունել, որ երկարաժամկետ կայուն զարգացմանն ուղղված որոշումների կայացման մեջ այսօրվա թերացումները գալիք տասնամյակներում բացասական ազդեցություն կունենան ապագա սերունդների կյանքի որակի վրա:»,-
նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ասուլիսի ընթացքում ամփոփվեցին նաեւ «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով 2-րդ` Կենդանաբանական այգում ձմեռող եւ բնադրող թռչունների մասին պատմող հեքիաթների մրցույթի արդյունքները: Ռ. Խաչատրյանն ու Ռ. Յիրիկյանը երեք անվանակարգերում լավագույնը ճանաչված աշակերտներին հանձնեց մրցանակներ (մրցույթի պայմանների եւ արդյունքների մանրամասները կցված են): Տրվեցին նաեւ 1 խրախուսական եւ 2 հատուկ մրցանակ:
Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց նաեւ «Ծիծեռնակաբերդ. Ծաղկահավաք» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: 10 րոպեանոց վավերագրական ժապավենը պատմում է «Երկրի օր» քարոզարշավի ամենախորհրդանշական նախաձեռնություններից մեկի` Մեծ Եղեռնի հուշահամալիրում հավաքված ծաղիկների վերամշակման ծրագրի նպատակների եւ իրականացման ընթացքի մասին:
«Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակներում իրականացվող
միջոցառումների ժամանակացույց
Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն` այս տարի եւս Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում նշում է Երկրի օրը`«Նվիրիր քո ծառը քո երկրին» կարգախոսով:
2008 թվականից ի վեր իրականացվող ամենամյա քարոզարշավի շրջանակում
անցկացվում են թե´ արդեն ավանդական դարձած` «SMS ծառատունկ»,
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկների հավաքում եւ վերամշակում, աղբահավաք, ծառատունկ, եւ թե´ երեխաների ու պատանիների զարգացմանն ուղղված մրցութային, ճանաչողական բնույթի միջոցառումներ:
Սակայն, ինչպես միշտ, Երկրի օրվա գլխավոր միջոցառումը ծառատունկն է: Այս տարի ծառատունկը կմեկնարկի ապրիլի 22-ին` FPWC-ի բուֆերային գոտու Ուրծաձոր համայնքում: Ծառազուրկ հատվածում նախատեսվում է անտառստեղծման աշխատանքների շնորհիվ ընդհանուր առմամբ 2000 ծառ տնկել` 1000-ը` ապրիլի 22-ին, մնացածը` աշնանը:
Ապրիլի 1
«SMS ծառատունկ» ծրագրի մեկնարկ
Արդեն 3 տարի է` Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ «Երկրի օր» քարոզարշավի շրջանակում իրականացնում է «SMS ծառատունկ» ծրագիրը:
«Նվիրիր քո ծառը քո երկրին» կարգախոսի ներքո` կարճ հաղորդագրության միջոցով ծառ տնկելու միջոցառումը մեկնարկել է ապրիլի 1-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը: Մեկ SMS-ի գինը 1000 դրամ է:
Ապրիլի 22 Երկրի օր. անտառատնկման աշխատանքների մեկնարկ «Խոսրովի անտառ» արգելոցին կից բուֆերային գոտում
Ապրիլի 22-ին` Երկրի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի` «Խոսրովի անտառ» արգելոցի հարեւանությամբ գտնվող բուֆերային գոտու Ուրծաձոր համայնքում կկատարվեն անտառստեղծման աշխատանքներ: Այս տարի ծառատունկի շրջանակներում նախատեսվում է 2000 ծառ տնկել` 1000-ը` ապրիլի 22-ին, մյուս մասը` աշնանը:
Մեծ ծառատունկին կմասնակցեն տեղական եւ միջազգային կազմակերպությունների, Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, հասարակական եւ պետական հաստատությունների շուրջ 100 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քարոզարշավի շրջանակում SMS-ների միջոցով ծառեր նվիրաբերած անհատներ, Ուրծաձոր համայնքի
տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ուրծաձորի
«Արեւորդի» էկոակումբի սաներ, «Կանաչ դպրոց» ծրագրի մասնակիցներ, լրագրողներ, տեղաբնակներ: Ընդհանուր առմամբ, միջոցառման մասնակիցների թիվը կգերազանցի 200-ը:
Ապրիլ 27
Ծաղկահավաք. Ծիծեռնակաբերդի ծաղիկների հավաքում եւ վերամշակում
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արդեն երրորդ անգամ ծաղիկների հավաքման եւ վերամշակման ծրագիր կիրականացնի: Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներով այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: 3-4 օր անց այդ ծաղիկները աղբատար մեքենաներով
տեղափոխվում են քաղաքի աղբանոցներ:
Սակայն 2010 թվականին հիմնադրամն առաջարկեց այդ ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային` օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Ծաղիկները խնամքով հավաքվում եւ տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, ծաղկաթերթերն առանձնացվում են ցողուններից: Ցողուններից պատրաստված պարարտախառնուրդը օգտագործվում է հուշահամալիրի այգիների մշակման, իսկ չորացված ծաղկաթերթերը` հիմնադրամի «Արեւորդի» էկոակումբների սաների ձեռքերով պատրաստվող թղթի վերամշակման եւ բացիկների ձեւավորման համար:
Խորհրդանշական է, որ ծաղկաթերթերով զարդարված թուղթը տրամադրվում է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար:



























