Ընտրությունների վերահսկման միջկուսակցական ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիշատակում է ընտրարշավի ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասին:

Հայտարարությունում ասվում է.

«Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով:

Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել է քարոզչություն իրականացնող ակտիվիստների վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաեւ պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը եւ Զոյա Թադեւոսյանը: Այս ամենը շտաբը որակում է որպես ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:

Մտահոգիչ է նաեւ թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Մերուժան Մխոյանի` սպառնալիքի արդյունքում ինքնաբացարկի հայտարարությունը: Վերը նշված եւ նմանատիպ այլ արձանագրվող դեպքերը վկայում են քարորզաշավի ընթացքում ընտրական իրավունքի իրացման խոչընդոտման մասին:

Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը եւ պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել եւ տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին,  ապահովելով  նաընտրական քարոզարշավի օրինական ընթացքը»: