Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյանի փողոցում, այսօր` ապրիլի 20-ին, սկսել են էտել առանց այն էլ ուշացումով կանաչած ծառերը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, ով նաեւ լուսանկարներ է տրամադրել։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Երեւան քաղաքում որպես կանոն դեկորատիվ ծառերի էտը տեւում է մինչեւ ապրիլի կեսերը, իսկ այս տարի, քանի որ եղանակային պայմանները վատն էին, էտման աշխատանքն ավելի ուշ է սկսել։
Նշենք, որ դեկորատիվ ծառերի խնամքը պետք է շարունակական աշխատանք լինի, որպեսզի նրանց գեղեցիկ տեսքը պահպանվի, սակայն Երեւանում, բացի կենտրոնի որոշ հատվածներից, ծառերը պահպանվում են միայն, որպես կանաչ զանգված։ Այդ պատճառով ծառերի էտում կատարվում է գարնանն ու աշնանը, իսկ որոշ հատվածներում ընդհանրապես չի էտվում։
Նշենք նաեւ, որ բուսաբանության տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք տեղյակ է, որ ծառը չի կարելի էտել վեգետատիվ ակտիվ շրջանում, իսկ դրանից հետո ծառն էտելը հավասարազոր է նրա առողջ ճյուղերը կտրելուն։ Այսինքն՝ այժմ ոչ թե ծառեր են էտում, այլ «ծառեր են կտրում»։





























